«Balyoz» (Մեծ մուրճ) անվանումով ծրագրի բացահայտմամբ սկսված դատական գործի շրջանակներում 49 գործող և պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականների ձերբակալության կապակցությամբ նախօրեին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում գումարվել է արտակարգ ժողով: Այն ընթացել է շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղի նախագահությամբ:
Ըստ «Զաման» (Zaman) թերթի` ժողովին մասնակցել են թուրքական բանակի բոլոր գեներալներն ու ծովակալները:
Գլխավոր շտաբի պաշտոնական կայքում հրապարակվել է մեկ նախադասությամբ հաղորդագրություն, որն ընդամենը իրազեկում է գեներալների ժողովի կայացման մասին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թուրքական «Սոնսայֆա» (Sonsayfa) լրատվական ծառայությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ ու կուլիսային խոսակցություններ, ներկայացրել է, թե նախօրեին Գլխավոր շտաբում գումարված գեներալների արտակարգ նիստում ինչ առանցքային դրույթներ են արձանագրվել:
1. Պաշտոնաթող զինվորականների և ծովակալներին` որպես մեղադրյալներ, ձերբակալելը վիրավորական է: Պաշտոնաթող հրամանատարները, ավելի վաղ ընդունելով հրավերը, ներկայացել էին դատախազություն և ցուցմունքներ տվել: Կրկնվող գործընթացը անհանգստացուցիչ է:
2. «ՔԲԿ»-ի անդամներից ցուցմունք կորզելու համար ստեղծվել էին հատուկ պայմաններ: Նման նրբանկատություն չդրսևորվեց բարձրաստիճան զինվորականների պարագայում:
3. Հնարավորության դեպքում` ձերբակալված պաշտոնաթող և գործող զինվորականների դատավարությունը պետք է ընթանա` որպես խափանման միջոց` կալանքը չընտրելու երաշխավորությամբ:
4. Հարկավոր է բանակի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ու գնահատել իրավիճակը: Համապատասխանաբար` կարճ հաղորդագրությամբ հանրությանը տեղեկացնել ընթացիկ զարգացումների մասին: Բայց, քանի որ դա կարող է վնասել դատավարական գործընթացին, ամփոփիչ հաղորդագրություն կտարածվի դատարանի որոշումից հետո միայն:
5. Բանակի հրամանատարներին բերման ենթարկելու և նրանցից ցուցմունք ստանալու գործելաոճի համառությունը, տեսականորեն, բախման ռիսկ է ստեղծում: Հարցաքննության պահանջով և համապատասխան փաստաթղթերով պետք է դիմվի Գլխավոր շտաբի դատախազությանը:
Ի դեպ` գեներալների արտակարգ ժողովին մասնակցել է նաև «Balyoz» (Մեծ մուրճ) անվամբ ռազմապետական հեղաշջման ծրագրի գործով կասկածյալ և փետրվարի 26-ին ցուցմունք տալու կանչված` երրորդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Սալդըրայ Բերքը: Աղբյուր` Պանորամա ամ