Քուրդ երգչուհի Ռոժդան այսօր թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվել է Ստամբուլում: «Քուրդիստան» կայքի համաձայն, նա եղել է այն 60 քուրդ դերասաններից մեկը, որոնց Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հրավիրել է Ստամբուլ, որպեսզի զրուցի նրանց հետ թուրքական կառավարության` քրդական խնդրի լուծմանն ուղղված այսպես կոչված «դեմոկրատական նախաձեռնությունների» մասին:
Ռոժդան ձերբակալվել է «Քրդական աշխատավորական կուսակցություն» կազմակերպության օգտին «քարոզելու» մեղադրանքով: Նա ձերբակալվել է այն բանի համար, որ 2009 թ-ին կատարել է «Հեվալ Քամուրան» (ընկեր Քամուրան) երգը` Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում կազմակերպված երգի ֆեստիվալում: Հունվարի 28-ին Թուրքիայում նույն «հիմնավորմամբ» ձերբակալվել է նաև մի այլ քուրդ երգիչ Ռոժխիլաթ Իբրահիմը: