Վերջին տարիների ընթացքում Վրաստանի հայ փոքրամասնության, հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում բնակվող ջավախքահայության իրավունքները ոտնահարվում են վրացական իշխանությունների կողմից: Այս մասին Սամցխե-Ջավախեթի-Ծալկա տարածաշրջանի հայապահպանության և ջավախքահայության իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինար-քննարկմանն այսօր հայտարարեց Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա՝ վրացական իշխանությունները ոտնահարում են ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային եւ կրոնական իրավունքները: Վրաստանի իշխանությունների այս քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Ջավախքի հայաթափությունը մեծ ծավալների է հասել: Վրացական իշխանությունները անտեսում են միջազգային հանրության հորդորներն ու հանձնարարականները և շարունակում են ջավախքահայության նկատմամբ խտրական քաղաքականությունը:
Ինչպես նշեց Շ. Թորոսյանը, այս սեմինար-քննարկման նպատակն է բարձրաձայնել ջավախքահայության բոլոր խնդիրները և կոչ անել հայկական իշխանություններին, սփյուռքահայ կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որպեսզի քայլեր ձեռնարկեն վրացական իշխանությունների այս քաղաքականությանը վերջ դնելու համար: Շիրակ Թորոսյանը կարևորեց հատկապես Վրաստանում հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու հարցը, ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների կասեցումը, հայկական եկեղեցիների վերադարձման խնդրի լուծումը, հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը:
Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ջավախքը պետք է դիտարկել ոչ միայն հայ-վրացական հարաբերություններում, այլև ռուս-վրացական, վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական հարաբերություններում, քանի որ Ջավախքի խնդիրը անընդհատ շոշափվում է ադրբեջանական ու թուրքական և' քաղաքական շրջանակներում, և' մամուլում: Նրա կարծիքով, սա չափազանց կարևոր խնդիր է, և Ադրբեջանի ու Թուրքիայի միջամտության դեպքում կարող է վատ հետևանքներ ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա:
Սեմինար-քննարկմանը ներկա էին նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ջավախքահայության ներկայացուցիչներ, որոնք նույնպես կոչ արեցին անհապաղ միցոցներ ձեռնարկել իրավիճակի բարեալավման ուղղությամբ: