Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Միհմանփերեստը հայտարարել է, որ Թուրքիան միջնորդ չէ իրանական միջուկային դոսյեում: Ինչպես հաղորդում է իրանական Khabaronline կայքը, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ «որոշ բարեկամ երկրներ հակառակ կողմի հետ կարող են խոսել միջուկային հարցում Իրանի դիրքորոշման մասին, սակայն, դա չի կարող ընկալվել որպես նրանց կողմից արվող միջնորդություն»:
Ռ.Միհմանփերեստն ընդգծել է, որ Իրանը գոհ է իր հարևան երկրների բարեկամական ձեռնարկումներից: Նշելով, որ Թուրքիան Իրանի հզոր հարևանն է` Ռ.Միհմանփերեստը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի` օրերս Իրան կատարած այցի կապակցությամբ ասել է, որ «այցի ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջնային և այլ հարցեր, ինչը նորմալ է երկու հարևան երկրների համար»: Այն հիշեցմանը, որ մոտ ժամանակում Թուրքիան պետք է Իրանի դրությունը ներկայացնի ԱՄՆ-ին, Ռ.Միհմանփերեստն ասել է. «Միջուկային ծրագրում Իրանին իրավացի գտնող բարեկամ երկրները կարող են Թեհրանի դիրքորոշումը հայտնել հակառակ կողմին, սակայն, Իրանը հետամուտ չէ այն բանին, թե նրանք ում հետ են խոսում այդ մասին»:
|