Ըստ նրա` հայկական կողմից քննարկման առնվելիք հարցերը կկրեն հումանիտար բնույթ, մասնավորապես` հայկական մշակութային ժառանգության հաշվառման, վերականգնման, Թուրքիայում բռնի մահմեդականացված, ուծացված հայերի վերաբերյալ: «Թուրքական կողմը, եթե նախընտրեց պատմական հանձնաժողով ստեղծել ու քննության առնել Ցեղասպանության հարցը, նշված հարցերի հետ չի բացառվում նաև հանդիպի Ցեղասպանության հատուցման հարցին: 1915-ին Թուրքիայում օրենք է ընդունվել հայկական ունեցվածքի բռնագրավման մասին, հետևաբար ցանկացած քննարկում վտանգավոր կլինի Թուրքիայի համար»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է թուրքական կողմի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դանդաղելուն, բանախոսը նշեց, որ Անկարան ուղղակի փորձում է «դեմքը փրկելու» համար որոշակի քայլերի գնալ, քանի որ նկատելի է` որքան դժվար է թուրքական կողմի համար այս ընթացքում Ադրբեջանին կորցնելը: Եթե այդ քայլերը նույն գործընթացից դուրս գալու միջոց են, դրանից միայն տուժելու է Թուրքիան, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միտված է տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հաստատմանը. տապալել նման գործընթացը, նշանակում է գնալ վարկանիշի իջեցման միջազգային քաղաքականության ասպարեզում:
«Եթե հիմա չշարունակվի հարաբերությունների կարգավորման գործընթացը և տապալվի, նման բան տարածաշրջանում այլևս չի հասունանա, ավելին` 10-15 տարի հետո, եթե անգամ փորձ էլ արվի, կողմերը կլինեն շատ ավելի բևեռացված»,- ասաց նա: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի պատրաստակամությունը, ըստ Հ.Դեմոյանի, բխում է մոտ ապագայում այդ երկրի խոցելի դառնալու հավանականությունից. թուրքական պետությունը ձգտում է իր հարևան երկրների հետ առավելագույնը «զրո» խնդիրներ ունենալ, որոնք իրենց մեղմացուցիչ ազդեցությունը կունենան ներքին քաղաքականության վրա` կապված թուրք-քրդական լարվածության հետ:
Բացի դրանից Անկարան լավագույնս գիտակցում է հայկական ցեղասպանության հարցի լրջությունը, և չի բացառվում, որ իրականություն դառնան որոշ «աշխարհաքաղաքական ճնշող ցնցումներ, որոնք այժմ այս գործընթացով շահագրգռված գերտերությունների օրակարգային հարցերում են»: