Ողջունելով նիստի մասնակիցներին` միջոցառման ընթացակարգը վարող ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ ԼՂՀ Գերագույն խորհրդի և երեք գումարման ԱԺ 190 պատգամավորների մեծ մասը ներկա են դահլիճում: Բացման խոսքի համար հրավիրեց 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանը նախագահող Վիգեն Հայրապետյանին: Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց, որ փետրվարի 20-ի խորհուրդը կայանում է նրանում, որ արցախահայության կողմից սկսված անկախության համար պայքարը համազգային բնույթ ստացավ: Վ. Հայրապետյանի խոսքերով, 22 տարի առաջ որոշումը վճռական էր, և արտացոլում էր Արցախի ժողովրդի միասնական կամքը, ինչը հետագայում արտահայտվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով մասնավորապես ասաց, որ 1988թ. փետրվարի 20-ը արցախահայության համար դարձավ ազգային-ազատագրական պայքարի սկիզբը: «Մենք ոտքի ելանք պաշտպանելու հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու մեր բնական իրավունքը` միջազգային հանրության կողմից ընդունված համընդհանուր նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Մեր խաղաղ ու արդարացի պահանջին Ադրբեջանը պատասխանեց դաժան ու արյունալի պատերազմով, որը դարձավ բազում մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ: Արցախի հերոսական ժողովուրդը` համայն հայության հետ ձեռք-ձեռքի, կարողացավ դիմակայել բոլոր փորձություններին և բռնեց ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին:
Մեզ համար այդ ուղին անշրջելի է ու հաստատուն: Մենք խորապես համոզված ենք, որ ժամանակակից աշխարհում առկա բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միայն քաղաքակիրթ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ, անմիջական երկխոսության միջոցով, այնինչ` Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատեչ քաղաքականություն` սեփական ժողովրդին պահելով մշտական լարվածության և պատերազմի վերսկսման վտանգի տակ: Այդ սպառնալիքները իզուր են ու անբերրի: Մենք ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ, որ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ մեր պետությանն և ժողովրդին ուղղված ցանկացած ոտնձգության»,- նշեց ԼՂՀ նախագահը:
ԼՂՀ Գերագույն խորհրդի և երեք գումարման ԱԺ պատգամավորների անունից ողջույնի խոսքով հանդես եկան ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, երկրորդ գումարման ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և երրորդ գումարման ԱԺ փոխնախագահ Մուշեղ Օհանջանյանը: Օրհնության և բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ նաև Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հանդիսավոր նիստը ավարտվեց ԼՂՀ Ազգային ժողովի ճեմասրահում արցախյան ազատամարտում նահատակված 11 պատգամավորներին նվիրված հուշատախտակի բացմամբ: