Մամեդյարովը փետրվարի 15-ին հայտարարել է, որ ԼՂ ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում, և գլխավոր հարցը «գրավյալ տարածքների» խնդրի լուծումն է և իրենց տներ փախստականների վերադարձը:
«Կարևորն այն չէ, թե ով ևինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում: Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այդ մասին հստակ ասված է նաև Մադրիդյան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին Ակվիլայում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո», - մեջբերեցին նախարարի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Իտալիական Ակվիլա քաղաքում 2009 թ.-ի հուլիսի 10-ին տեղի ունեցած G8 գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկրների նախագահների հատամեղ հայտարարությունը:
Նախարարի խոսքերով՝ եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա, փաստորեն, խոչընդոտում է կարգավորման գործընթացը:
«Ադրբեջանը խոչընդոտում է կարգավորումը նաև դեմ արտահայտվելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, որովհետև առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության անհնար է առաջ մղել կարգավորումը», - ասել է Նալբանդյանը:
«Ինչ վերաբերում է հակամարտության հետևանքների վերացմանը, ապա հարկավոր է նկատի ունենալ, որ պիտի լուծվեն նաև Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների և այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը», - ավելացրել է Նալբանդյանը:
Նրա խոսքերով՝ հակամարտության հետևանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառների հետ զուգահեռ:
«Այս բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, փոխհամաձայնության հիման վրա և խաղաղ ճանապարհով», - ասել է նախարարը: