Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական TRT-1 հեռուստաընկերության եթերում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին առնչվող վերջին զարգացումներին:
Հայաստանի հետ սահմանի բացման խնդրի առնչությամբ նա նշել է, որ այդ հարցի կապակցությամբ իրենք Մինսկի խմբից սպասելիքներ ունեն, և որ ինքը դրա հետ կապված խնդրանքով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին և վարչապետ Վլադիմիր Պուտինին, իսկ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ դեռեւս չի հաջողվել հանդիպել:
«Մինսկի խումբը լուրջ բացթողումներ ունի: 20 տարվա ընթացքում Ղարաբաղի հարցը տեղից չի շարժվել: Եթե 20 տարվա մեջ ՌԴ-ն ԱՄՆ-ը և Ֆրանսիան այս գործին լուրջ մոտենային` հիմա ոչ մեր և Հայաստանի, ոչ էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ չէին լինի: Նրանք պետք է ասեին «Սա այսպես է լինելու»: Հայաստանը հողեր է «բռնազավթել» և դա ապացուցել է ՄԱԿ-ը: Այդ «բռնազավթման» ավարտից անմիջապես հետո ոչ մի խնդիր չի մնում: Սակայն ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ Ֆրանսիան սպասողական դիրք են ընդունել: Մոտենում է ապրիլը: Մենք նրանց ասել ենք, որ ինչպես իրենց խորհրդարաններն են, այնպես էլ մերն է: Մենք չենք պարտադրում խորհրդարանին ինչ որ խնդրում: Մեր խորհրդարանը ինչ որոշում կընդունի` այն էլ ի գիտություն կընդունենք»:
«Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունները մենք մտցրեցինք խորհրդարան, իսկ Հայաստանը, արձանագրությունները Սահմանադրական դատարանի կողմից հիմնավորում գրել տալուց հետո միայն, մտցրեց խորհրդարան, իսկ այդ հիմնավորումը խորհրդարանում քննարկումների ժամանակ գործը կդժվարացնի: Սրանով Հայաստանի նախագահը եւ իշխանությունը կարող է ցանկանան իրենց ուժեղացնել»,-նշել է Էրդողանն ու ավելացրել, որ Թուրքիան այս գործընթացում շարունակելու է հետևողականությունը:
Նա նաև ասել է, որ հանդիպել է Թուրքիայում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացիների ներկայացուցչական խմբի հետ: Այս առնչությամբ Թուրքիայի վարչապետը նշել է, որ 170 հազար հայերից 100 հազարը Թուրքիայում անօրինական են ապրում, իսկ մյուս 70 հազարը Թուրքիայի քաղաքացի հայերն են: Ըստ էրդողանի՝ իրենք անօրինական հայաստանցիների փաստի վրա աչք են փակում, որպեսզի լարվածություն չլինի: «Նշանակում է հոգսեր և նեղություններ ունեն, որ մեր երկիր են եկել: Իրենց հետ էլ ենք սրա մասին խոսել: Սակայն մինչ այս խնդրով օրենսդրական կարգավորում չլինի` մենք չենք կարող նրանց որևէ բան խոսք տալ: Մեր արած քայլերին` պատասխան մոտեցումներ չենք տեսնում: Տեսեք, օդային սահմանը բացեցինք, Ախթամարի եկեղեցու վերանորոգումը իրականացրեցինք, այսքան անօրինական մնացող Հայաստանի քաղաքացի ենք ընդունում: Սրա նման բազմաթիվ թեմաներ կան, սակայն դրանց մասին ոչ ոք չի խոսում և օրակարգ չի բերում»-ավելացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
|