- Անցել է շուրջ 15 տարի, ինչ Յուրան մեզ հետ չէ, այնքան բան կա ասելու, պատմելու…,- ասում է Զարինեն` Յուրայի այրին ու շարունակում,- Այդ տարվա ձմեռը ձյունաշատ էր, ցրտաշունչ: Պատահաբար իմացանք, որ հաջորդ օրն օգնական ուժեր պետք է մեկնեն Յուրայենց դիրքերը` փոխարինման: Մինչև առավոտ նրա մայրիկի հետ գուլպա գործեցինք, որ գնացողների հետ Յուրային ծանրոց ուղարկենք: Առավոտյան, երբ հասա տղաներին, նրանք արդեն պատրաստվում էին մեկնելու: Ում դիմում էի ծանրոցը Յուրային տանելու խնդրանքով, մերժում էի ստանում և խուսափողական պատասխան լսում: Նրանք պատաճառաբանում էին, թե միգուցե ուրիշ ուղղությամբ գնան, կամ Յուրային չտեսնեն, կամ էլ թող մնա մեկ ուրիշ անգամ: Ես այս ամենից զարմացել էի, սկսեցի կասկածել, սիրտս վախ ընկավ… Միայն հետո տիկին Զարինեին պարզ դարձավ, թե ինչու՞ ընկերները չեն ցանկացել Յուրային փոխանցել մոր և կնոջ գործած գուլպաները, երբ իմացավ, որ ամուսինն իր ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ ու անհետ կորել: Տղաներն այդ ամենը նրանից թաքուն էին պահել: Արդեն ամեն ինչ պարզ էր: Կնոջ ու մոր գործած գուլպաները չհասան Յուրային, բայց նրանք միևնույնն է ծանրոցն ուղարկեցին Հանդի գումարտակի մարտիկներին: 1994 թվականի հունվար էր: Գումարտակը, մայոր Մարտուն Բադալյանի հրամանատարությամբ, որտեղ ծառայում էր նաև Յուրան` իր դաստակի տղաներով, քաջագործություններ էր կատարում մարտի դաշտում: Թշնամին խուճապի մեջ էր, սակայն ստանալով մեծաքանակ օգնություն, սկսեց համատարած հրետանակոծություն: Այդ թոհուբոհի մեջ մեր տղաների մի խումբը հայտնվեց շրջափակման օղակում: Հունվարի 7 էր: Այդ օրվանից Յուրայի մասին ոչ մի լուր չկա… Յուրա Առուստամյանը ծնվել է Կապանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ստացել է ռադիո-հեռուստացույց մոնտաժողի մասնագիտություն, իսկ Խորհրդային բանակում ծառայելուց հետո էլ աշխատանքի անցել Կապանի տարբեր ձեռնարկություններում: Երբ սկսվեց ազգային ազատագրական պայքարը նա արդեն Քաջարանի հանքաշինական վարչությունում էր: Յուրան առաջիններից մեկն էր, ով մասնակից դարձավ Կապան քաղաքի և շրջակա սահամանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: Այդ ժամանակ նա արդեն 2 երեխա ուներ` Դենիսն ու Մարինան: Կինը` Զարինեն, ռմբակոծությունների ժամանակ երեխաներին պատսպարում էր մի կացարանում, որն իրենց շենքի կողքի լեռան լանջին փորել էր Յուրան: Ռմբակոծության ժամանակ այնտեղ էին թաքնվում նաև շենքի բոլոր երեխաները: Հայոց բանակի կազմավորումից հետո Յուրան ծառայության անցավ Շիկահողում տեղակայված գումարտակում, որպես դասակի հրամանատար: Նորաստեղծ հայկական զինված ուժերում զգացվում էր մասնագետների խիստ սակավություն, և Յուրան ամեն գնով փորձում էր լրացնել այդ բացը: Էլ կապավոր էր, էլ հետախույզ, էլ նորաթուխ զինվորների համար եղբայր և ուսուցիչ: Նա հաճախ բարձրաձայն երազում էր հզոր, ժամանակակից սպառազինությամբ ու բարձրակարգ մասնագետներով համալրված, մարտունակ բանակի մասին և աներկբա հավատում այդպիսի ապագային... Տիկին Զարինեն այսօր էլ սպասում է Յուրային: Նա հավատում է, որ մի օր իր ամուսինը դուռը կբացի և առաջվա պես ժպիտը դեմքին կասի. «Ես եկա, կնիկ հաց տուր ուտեմ, մի բան էլ փաթաթի տղերքին տանեմ…»:
Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ
|