Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, 2003թ. աշնանը, իշխանությունը բռնազավթելուց և ուժային մեթոդներով պետության կառավարման օղակները զտելուց անմիջապես հետո, ձեռնամուխ եղավ հոր` Հեյդար Ալիևի քաղաքական կտակի իրագործմանը: Ադրբեջանի պետական, գիտական, մշակութային, հասարակական ամբողջ ներուժը ներքաշվեց հակահայկական քարոզչության ոլորտ: Հանրային տարբեր շերտերի առջև ունեցած ելույթներում Իլհամ Ալիևը ոչ միայն կոնկրետ առաջադրանքներ տվեց, այլև հանգամանորեն ներկայացրեց այն ուղղությունները, ձևերն ու մեթոդները, որոնք պետք է իրագործվեին: Ծնունդ առավ պնակալեզների մի ամբողջ բանակ, որի ներկայացուցիչները, մեկը մյուսից առաջ ընկնելով, լծվեցին «համազգային առջնորդի հանճարեղ որդու» նորահայտ մտքերի մարմնավորման սուրբ գործին:
| |