1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո կային շատ հանրահայտ դեմքեր, որոնց անունները, որպես բարերարների, հաճախ հնչում էին եթերից, բայց իմ մանկության հուշերում մնացել են միայն Վլադիմիր Սպիվակովի, Մայր Թերեզայի, Շարլ Ազնավուրի անուները: Շարլ Ազնավուր անունը մանկությանս մեջ թողել է մի շատ լուսավոր հետք:
Երկրաշարժի ժամանակ կոտրվել էր ոտքս և ես բուժվում էի Երևանի 4–րդ մանական հիվնադանոցում: Մեր հիվանդասենյակում վեց հոգի էինք, չորսը Լենինականից էին, երկուսս` Սպիտակից: Վիճակներս բավականին ծանր էր և, չնայած դրան, մեր հիվանդասենյակի գյումրեցիները միշտ կատակում էին: Մի տղա կար, անունը Արման, մոտ 14 տարեկան, նա հաճախ էր կրկնում. "Այ ժողովուրդ ջան, 9-րդ հարկից թռա առանց պառաշուտ, բան չեղավ, մեկ էլ էլի ժաժք եղավ, մի անդեր պանել ուղիղ ոտիս թաթի վրա”: Եվ մեկ էլ ամեն օր մեր հիվանդատեսներին, որոնց չէինք ճանաչում, մանրամասն պատմում էինք, թե ով ինչպե՞ս էր փրկվել:
Հիվանդասենյակում տարիքով ամենափոքրը ես էի: Արդեն մի քանի շաբաթ էր, ինչ բուժվում էինք, երբ, բուժքույրերից մեկի ուղեկցությամբ, հիվանդասենյակ մտան բարի աչքերով մի փոքրամարմին պապիկ ու էլի մի անծանոթ մարդ: Բուժքույրը մի տեսակ, տարօրինակ ձևով ուրախ հուզված էր և չափից ավելի հիացած նայում էր պապիկին: Տատիկս, որ ինձ և մեր հիվանդասենյակի երեխաներին էր խնամում, նույնպես ժպտում էր: Պապիկը մի տեսակ տարօրինակ էր խոսում, ես ոչինչ չէի հասկանում: Նա բոլորին համբուրեց ու մոտեցավ ինձ: Նրա ձեռքին մի փոքրիկ թավշյա թզուկ կար: Այն բաց երկնագույն էր, գլխարկը մուգ կապույտ, և մեծ, դեղին, ժպտացող աչուկներ ուներ: Պապիկն ինձ համբուրեց, ապա նվիրեց թզուկը: Երբ գրկեցի թզուկին զարմացա, այն այնքան փափուկ էր ու թեթև: Ես երբեք այդպիսի խաղալիք չէի տեսել: Հիվանդանոցում բուժվելու մի քանի շաբաթներին ինձ այնքան խաղալիք էին բերել, որ մի ամբողջ մանկապարտեզ կարող էր խաղալ, բայց դրանք այնքան կոպիտ էին ու կոշտ, որ ուղղակի դրված էին իմ մահճակալի կողքին, հատակին ու լուսամուտագոգին:
Ես անմիջապես մոռացա պապիկին ու տարվեցի իմ փափլիկ թզուկով: Թզուկիս մեծ ու դեղին աչքերը ժպտում էին ինձ, նրան ամուր սեղմում էի կրծքիս, համբուրում: Անգամ մոռացել էի իմ ցավերի մասին: Մի խոսքով, ես երջանիկ էի և նույնիսկ չնկատեցի, թե ինչպե՞ս բարի աչքերով պապիկը հեռացավ:
Ինձ երջանկություն բերող թզուկին մի քանի օր բաց չէի թողնում ձեռքիցս` հետս ճաշում էր, քնում, խաղում: Մենք այնքան էինք անբաժան, որ նրա բաց երկնագույը դարձել էր մոխրագույն: Տատիկս ինձ համոզեց, որ թզուկին կախենք պատից, որ չսևանա: Ես համաձայնվեցի` սև գույնը վախեցնում էր ինձ: Թզուկիս կախեցինք պատից, հիմա էլ նա ինձ այնտեղից էր ժպտում:
Այդ օրերին հիվանդանոց էին գալիս տարբեր բուհերի ուսանողներ, ովքեր հիվանդներիս համար հեքիաթներ էին կարդում, մեզ հետ խաղում, նկարում: Երբ ուսանողները գալիս էին, տատիկս մեզ մենակ էր թողնում: Նա գնում էր Սպիտակից բերած մյուս երեխաներին այցելելու: Եվ ահա մի օր կրկին մեզ հյուր եկան ուսանողները: Նրանք մեզ համար հեքիաթ կարդացին և ես քնեցի: Երբ արթնացա, թզուկս անհետացել էր: Ես մինչև հիվանդանոցից դուրս գրվելն այլևս չժպտացի:
Մի օր էլ նստած հեռուստացույց եմ նայում, մեկ էլ տեսնեմ ցույց են տալիս բարի աչքերով այն պապիկին: Շտապ կանչեցի տատիկիս, նա ինձ ասաց, որ նա հանրահայտ շանսոնիե Շարլ Ազնավուրն է: Այդ ժամանակ, սակայն, ես այդպես էլ չհասկացա թե ո՞վ էր նա, բայց հաճախակի էի լսում նրա "Քեզ համար Հայաստան” երգը, իսկ նրա նկարով օրացույցը կախված էր իմ սենյակի պատից: Տարիներ հետո միայն հասկացա, թե ո´վ է Շարլ Ազնավուրը: Բայց իմ հոգուս խորքում Նա մնացել է որպես մի բարի պապիկ, ով ինձ`փոքրիկ աղջկաս, ժպտացող մեծ աչքերով երջանկություն էր պարգևել:
Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ
|