Voskanapat.info-ն հրապարակում է 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հրաշքով փրկված մեր աշխատակցուհի Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆԻ իրական պատմությունը:
Վաղ առավոտյան, ինչպես միշտ, ինձ արթնացրեց մայրիկիս համբույրը: Հետո նա մոտեցավ եղբորս մահճակալին և, համբուրելով, ասաց. «բալիկներ ուշանում ենք, հագնվեք…»:
Ես սկսեցի կամակորություն անել: Մայրիկս հագցրեց ինձ, հետո եղբորս, նախաճաշեցինք ու դուրս եկանք տանից: Ճանապարհին անընդհատ կանգնում էի, ու խնդրում մայրիկիս վերադառնալ տուն: Հասանք մանկապարտեզ: Ես փաթաթվեցի մայրիկիս ոտքերին ու սկսեցի լաց լինել: Մայրիկս փորձում էր հանգստացնել ինձ, ես ավելի ուժեղ էի լալիս: Եղբայրս տեսնելով իմ արցունքները, ինքն էլ սկսեց լաց լինել: Մենք երկուսով հեկեկում էինք ու բաց չէինք թողնում մայրիկին:
Այդ պահին, քույրիկիս ձեռքը բռնած, մեզ մոտեցավ քեռակինս: Տեսնելով, որ մենք, մայրիկի ոտքերին փաթաթված, ձայներս գլուխներս ենք գցել, իսկ նա աշխատանքից ուշանում է, զայրացավ: Քեռակինս մեզ, պոկելով մայրիկի ոտքերից, տարավ մանկապարտեզ: Մանկապարտեզում ոչ մեկի հետ չխոսեցի, չգիտեմ ինչու, բայց բոլորից նեղացել էի: Մռայլ նստել էի մի անկյունում ու լռում էի:
Այդ օրը մեր խմբից մի աղջնակի ծննդյան տարեդարձն էր: Նա մեզ մոտ ընդամենը մի քանի ամիս առաջ էր եկել, հայերեն լավ չէր խոսում,
Բաքվից էր: Բայց շատ գեղեցիկ աղջիկ էր: Անունն էլ Մարինա: Դաստիարակչուհին Մարինային կանչեց իր մոտ ու շնորհավորեց: Հետո էլ սկսեցինք նոր տարվա բանաստեղծությունները սովորել: Չեմ հիշում, թե ի՞նչ բանաստեղծություն էինք սովորում… Եվ հանկարծ շատ ուժեղ գազանային ոռնոց լսվեց ու մթնեց…
Չգիտեմ, թե ինչքա՞ն ժամանակ էի մնացել անգիտակից վիճակում, բայց երբ արթնացա, չէի կարողանում շարժել մարմնիս ոչ մի մասը: Ես մրսում էի, բայց ձախ ոտքս այրվում էր: Հեռվում լսվում էին մարդկանց ճիչեր: Դիմացս փոքր անցք կար, որտեղից մի լույսի շող էր թափանցում: Ես չգիտեմ ինչպես էի հայտնվել տանիքի տակ (մեր խումբը երկրորդ հարկում էր, իսկ մանկապարտեզի շենքը երեք հարկանի էր): Կամաց-կամաց ինձ ոտնաձայներ էին մոտենում: Մի տղամարդ «Արմինե» էր գոռում: Նա մոտեցավ այն անցքին որտեղից լույսը թափանցել էր ներս, մի կողմ տարավ տանիքի թերթաքարերն ու նայեց ինձ.
- Սա՞ղ էս, - հարցրեց նա:
Ես լուռ նայում էի այդ մարդուն: Նա արագ- արագ սկսեց քարերը և փայտի կտորները մի կողմ տանել: Երբ իմ ոտքերն ու ձեռքերն ազատվեցին, նա զգուշորեն ինձ գրկեց ու հարցրեց.
– Արմինեիս չե՞ս տեսել:
Նրա աչքերից արցունքներ էին հոսում: Մենք դեռ մանակապարտեզի փլատակների վրա էինք: Ես նայեցի շուրջս, ամենուրեք փլատակներ էին, ոչ մի կանգուն տուն չկար: Մանկապարտեզի փլուզված տանիքին հայտնվեց մի պապիկ: Տղամարդն ինձ փոխանցեց պապիկին և շարունակեց, Արմինեին կանչելով, քանդել փլատակները:
Պապիկն ինձ իջեցրեց մակապարտեզի բակ ու նստեցրեց ածխի կույտի վրա: Երբ բակ էինք դուրս գալիս խաղալու, երբեք թույլ չէին տալիս մոտենալ այդ ածխակույտին, իսկ հիմա, տկլոր ու բոբիկ, ես նստած էի այդ ածուխների վրա և արնահոսում էի: Կոտրվել էր ձախ ոտքս: Որոշ ժամանակ անց, իմ կողքին հայտնվեց բաքվեցի Մարինան, բայց նա լռում էր ու աչքերը փակ էին: Հետո էլի երեխաներ բերեցին և բոլորն էլ լուռ էին ու անշարժ:
Մեկ էլ հանկարծ, եղբայրս, քեռուս աղջկա ձեռքը բռնած, կանգնեց իմ դիմաց: Մենք բոլորս սկսեցինք լաց լինել: Չգիտեմ լալիս էինք, որ գտե՞լ ենք իրար, թե ցավից էր կամ ցրտից, բայց հեկեկում էինք: Անկեղծ ասած, չէի գիտակցում, թե ի՞նչ է տեղի ունենում: Մեկ էլ եղբայրս գնաց ու մի մարդու ձեռքից բռնած վերադարձավ: Այդ մարդուն եղբայրս բերել էր, որ ինձ հեռու տանեն դիակներից:
Անծանոթն ինձ գրկեց ու տարավ դեպի մանկապարտեզի կիսաքանդ պարիսպը: Ես, եղբայրս ու քեռուս աղջիկը, իրար գրկած նստել էինք պարիսպի տակ: Մեր դիմաց մանկապարտեզի փլատակներն էին: Փլատակների վրա կամաց – կամաց ավելանում էին մարդիկ, իսկ ածխի կույտի վրա` երեխաների դիակները: Հետո իմացա, որ այդ մանկապարտեզից միայն յոթս էինք փրկվել:
Արդեն մթնշաղ էր, երևի ժամի 5-ը կլիներ: Քեռուս աղջկան իր մորաքրոջ տղան եկավ տարավ, իսկ ես ու եղբայրս դեռ մանակապարտեզի պարիսպի տակ իրար գրկած նստած էինք: Մեկ էլ խելակորույս մեզ մոտեցան հորեղբայրներս: Մեծ հորեղբայրս գրկեց ինձ, իսկ փոքրը գնաց մեքենա փնտրելու, որ մեզ տուն տանեն: Բայց ի՞նչ տուն…
Փոքր հորեղբայրս մի մեքենա ճարեց, մենք նստեցինք: Ամբողջ ճանապարհը ճեղքված էր և մեքենան հազիվ էր շարժվում: Հասանք մեր պապենական տուն: Տունը գետնին էր հավասարվել: Այգում, ծառի տակ դրված էր մի բազմոց, որի վրա նստած պապիկս ցնցումների ժամանակ պատուհանից դուրս էր թռել: Որպես ամենատուժածի, ինձ պառկեցրին այդ բազմոցին: Հորեղբայրներս, իրենց ընտանիքներով, հորաքույրս, աղջիկների հետ, պապիկս, տատիկս, ես և եղբայրս հավաքվել էինք մեր պապենական այգում: Հորեղբայրներս փլատակների տակից փորձում էին հագուստ հանել, պապիկս հարևանի խոտի տուկերից «տուն» էր շինում: Հարևանի շունը իրենց փլատակներն էր փորփրում ու ոռնում: Քաղաքը ողբում էր…:
Չգիտեմ որտեղից հորեղբայրս մի զապո ճարեց: Մենք, 12 հոգով, նստեցինք այդ մեքենան ու եկանք Երևան: Ինձ տարան հիվանդանոց:
Կամաց – կամաց ամեն ինչ դարձավ սովորական` և վագոն- տնակները, և փլատակները, և ձմռան ցրտին մի քանի կիլոմետր հեռվից ծանր դույլերով ջուր կրելը:
Բայց մի բան, որի հետ չկարողացա հաշտվել այս 21 տարիների ընթացքում: Ես այդպես էլ այլևս չտեսա մայրիկիս. 1988 թվականի դեկտեմբերի 7-ին քեռակինս ինձ ու եղբորս պոկեց մայրիկիս ոտքերից: