Պատմաքաղաքական ակնարկ
Բազմազգ Իրանում ազգային հարցը միշտ հանդիսացել է այդ երկրի գլխավոր հիմնախնդիրներից մեկը: Պատմականորեն‚ ազգային հարցի ցանկացած սրացում լրջորեն է անդրադարձել այս երկրի զարգացման հետագա գործընթացներին: Այս հարցն Իրանի համար այժմ էլ առօրեական է և հղի անկանխատեսելի զարգացումներով:
Մասնավորապես‚ այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» հիմնահարցը սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանը: Այդ սպառնալիքի չափերի մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել‚ որ առկա տվյալներով Իրանում բնակվում են 24 մլն ադրբեջանցի‚ որը երկրի ազգաբնակչության մոտ 40 տոկոսն է: Նրանք կազմում են Արևմտյան Ադրբեջանի (կենտրոնը` Թավրիզ)‚ Արևելյան Ադրբեջանի (կենտրոնը` Ռեզայե)‚ Արդաբիլի‚ Համադանի‚ Զենջանի‚ Ղազվինի‚ Սավեհի և Հյուսիսային Խորասանի բնակչության մոտ 90 տոկոսը: Վերոհիշյալ տարածքները զբաղեցնում են մոտ 170 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Հարկ է նշել‚ որ դեռևս 1945թ. դեկտեմբերի 12 ին խորհրդային օկուպացիոն գոտում գտնվող ադրբեջանաբնակ գավառները‚ ոչ առանց խորհրդային զորքերի աջակցության‚ հայտարարվեցին ինքնավար‚ և կազմվեց «Ադրբեջանի դեմոկրատական կառավարությունը»` Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության (ADP) ակտիվ մասնակցությամբ: Սակայն մեկ տարի անց‚ Իրանից խորհրդային զորքերի դուրս բերումից հետո‚ կառավարական զորքերը վերականգնեցին երկրի տարածքային ամբողջականությունը:
Հատկանշական է‚ որ շահի օրոք Իրանի պետական գաղափարախոսությունը պանիրանիզմն էր‚ որն իր սուր ծայրով ուղղված էր հենց թյուրքական տարրի դեմ: Պանիրանիզմն ինքնին նպաստում էր երկրի թյուրքալեզու ազգաբնակչության համախմբմանը‚ և նրանց շրջանում անջատողական տրամադրությունների աճին:
1979թ. իսլամական հեղափոխությունից հետո իսլամն Իրանի մուսուլման ազգաբնակչության համար համախմբող գաղափարախոսություն հանդիսացավ‚ մանավանդ որ ադրբեջանցիների‚ ինչպես նաև պարսիկների գերակշիռ մեծամասնությունը շիա մահմեդականներ են: Վարելով հավասարակշռված և ճկուն ներքին քաղաքականություն` Իրանի նոր իշխանություններն ազգային փոքրամասնություններին այս կամ այն չափով մասնակից դարձրին երկրի կառավարմանը` այսպիսով ազգային հարցը միառժամանակ հետին պլան մղելով:
1991թ. նախկին ԽՍՀՄ ի փլուզումից հետո Իրանի հյուսիսային հարևանությամբ անկախություն ստացավ Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ): Այս իրողությունն այնքան էլ ջերմորեն չընդունվեց Իրանի կառավարող շրջանների կողմից‚ քանզի նորանկախ պետության անունն իսկ հուշում էր‚ որ իրենք հյուսիսային օստաններում նորից բախվելու են ադրբեջանական հիմնահարցին: Իրանի ղեկավարության վերը նշված մտավախություններն արդարացի էին: ԱՀ ում 1992 93թթ.իշխանության ղեկը ստանձնած պանթյուրքիստական կողմնորոշմամբ «Ազգային Ճակատ» կուսակցության առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը որդեգրեց «միացյալ Ադրբեջանի» գաղափարախոսությունը: Այս առթիվ Էլչիբեյի արած մերկապարանոց հայտարարությունները հանգեցրին իրանա ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը: Մյուս կողմից‚ Ադրբեջան պետության գոյության բուն իրողությունը‚ ինչպես նաև նրա քաղաքական վերնախավի պանթյուրքիստական նկրտումներն որոշակիորեն աշխուժացրին Իրանում բնակվող ադրբեջանցիների անջատողական շարժումները:
Ուշագրավ է‚ որ ադրբեջանցիներն իրենց համարում են Առաջավոր Ասիայի հնագույն ցեղերի` էլամցիների և շումերների հետնորդներ‚ որոնք իրանական բարձրավանդակում գոյություն ունեին ավելի վաղ‚ քան իրանական ցեղերը:
Իրանաբնակ ադրբեջանցիների մոտեցումները
Հարկ է նշել‚ որ ադրբեջանցիները Հարավային Ադրբեջանի հիմնահարցի շուրջ դեռևս չունեն միասնական մոտեցում: Առկա տվյալներով‚ գոյություն ունի երեք հոսանք: Պայմանականորեն այդ հոսանքները կարելի է դասակարգել հետևյալ կերպ.
1. Պահպանողականներ Կրոնավորների‚ արդյունաբերողների և պետական պաշտոնյաների մի խումբ պաշտպանում է Իրանի տարածքային ամբողջականությունը: Ավելին‚ նրանք առաջարկում են «հին իրանական տարածքների» գաղափարը‚ ինչը նախատեսում է ԱՀ ի միավորումն Իրանի հետ: Իրական նպատակն է թուրքացնել Իրանը: Սակայն‚ երկրի կառավարող շրջանները գիտակցում են այս ծրագրի հեռահար նպատակները և‚ չցանկանալով էլ ավելի բարձրացնել թյուրքական տարրի տեսակարար կշիռը երկրում‚ մերժում են այն:
2. Ազատականներ (լիբերալներ) Մտավորականների‚ արդյունաբերողների և պետական պաշտոնյաների մի խումբ գտնում է‚ որ ադրբեջանցիներին‚ ինչպես նաև ազգային մյուս փոքրամասնություններին պետք է տրվի մշակութային և տարածքային ինքնավարություն: Կարգախոսն է` «Իրանին ժողովրդավարություն‚ Ադրբեջանին` ինքնավարություն»:
3. Արմատականներ Նոր ստեղծված քաղաքական կազմակերպություններն ու խմբերը ձգտում են հասնել Հարավային Ադրբեջանի լիակատար անկախությանը և միացյալ Ադրբեջանի ստեղծմանը: Գտնում են‚ որ այդ նպատակին հասնելու համար պետք է դիմել ցանկացած միջոցների‚ հարկ եղած դեպքում նաև ռազմական:
Իրանի հակազդեցությունը
Նման պարագաներում‚ բնականաբար‚ Իրանի իշխանությունները դիմում են կանխարգելիչ քայլերի: Մասնավորապես‚ ներկայումս Իրանի արտաքին քաղաքականությունն այս հիմնահարցի համատեքստում ունի հետևյալ միտումները.
• Չեզոքացնել ԱՀ ի ազդեցությունն իրանաբնակ ադրբեջանցիների շրջանում:Այդ նպատակով Իրանը ձգտում է ԱՀ ում իշխանության բերել իսլամական կամ գոնե իսլամամետ կառավարություն:
• Ազատորեն տնօրինել ԱՀ ի շուկային և բնական ռեսուրսներին և այսպիսով Ադրբեջանին պահել տնտեսական կախվածության մեջ:
• Իրանի ազդեցությունը տարածել Կովկասի և Կենտրոնական Ասիայի մահմեդական ազգաբնակչության շրջանում:
• Խոչընդոտել թյուրքական աշխարհի միավորմանը:
• Արգելակել Արևմուտքի և Թուրքիայի ազդեցության տարածումը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Այդ նպատակով Իրանն ակտիվ ռազմաքաղաքական և տնտեսական կապեր է հաստատել Ռուսաստանի‚ Չինաստանի‚ Սիրիայի և Հայաստանի հետ: Փորձեր են արվում նույնատիպ կապեր հաստատել Ադրբեջանի և Վրաստանի հետ:
Այսպիսով, հաշվի առնելով ԻԻՀ ի և Արևմուտքի միջև առկա հակասությունները և վերջինիս կողմից Իրանի դեմ ուղղված ծրագրերում ադրբեջանական խաղաքարտի օգտագործումը, կարելի է ենթադրել‚ որ
• Նման պարագայում Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն շահարկել Հարավային ադրբեջանցիների անջատողական շարժման մեջ ունեցած իրենց դերն ու ազդեցությունը:
• Հարավային Ադրբեջանի հիմնահարցի հնարավոր սրացումը մեծ բարդություններ կառաջացնի ինչպես Իրանի‚ այնպես էլ ՀՀ-ի համար‚ հաշվի առնելով այն իրողությունը‚ որ վերջինս Իրանին սահմանակից է հենց Արևմտյան Ադրբեջանի մասով: Այդ դեպքում ոչ միայն կվտանգվեն հաղորդակցության ուղիները‚ այլև անվերահսկելի կդառնան ՀՀ ի‚ ինչպես նաև Արցախի հետ Իրանի ունեցած սահմանները:
• Էլ ավելի կխորանա ՀՀ ի քաղաքական և տնտեսական մեկուսացվածությունը:
• Միևնույն ժամանակ‚ այս վտանգը ասիական տարածաշրջանում կամրապնդի Ռուսաստան Հայաստան Իրան Չինաստան առանցքը‚ որին կհարեն նաև թյուրքական գործոնի հետ խնդիրներ ունեցող այլ երկրներ:
• Արցախի հիմնախնդրի համատեքստում այս ամենը կապահովի Իրանի և վերը նշված պետությունների եթե ոչ հայանպաստ‚ ապա գոնե անկողմնակալ դիրքորոշումները:
Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ