Պատերազմի այդ թեժ պահին Ֆիզալիում վերարկու հագած տղամարդը խիստ զարմացեց տղաներին: «Էս ո՞վ է»,- մեկ մեկու հարցնում էին ներկաները, ու նրանցից մեկը հասցրեց կատակել, թե երևի գյուղի կոլխոզի նախագահն է:
Իսկ տղամարդը, ձեռքի պայուսակները մի կողմ դնելով, տխուր հայացքով ասում է. «Հրամանատարն ասաց, որ կարող եմ այստեղ գիշերել»: Նրան ցույց են տալիս դիրքերում գտնվող մարտիկներից մեկի անկողինը և առաջարկում պառկել:
Առավոտյան անծանոթը պատմում է, որ իր անունը Պետրոս է, որ եկել է Արարտի Արալեզ գյուղից, որ այդքան ճանապարհ կտրել անցել է որդուն փնտրելու համար: Գյուղում լուր է տարածվել, թե տղան` Արամը, զոհվել է, կինը դարդից անկողին է ընկել: Բայց ինքը չի հավատացել և տանը ինչ ուտելիք գտել է, հավաքել ու եկել այստեղ: Այնուհետև սկսում է պայուսակներից հանել իր բերած ուտելիքներն ու ասում.
- Կերեք տղերք ջան ու մի քիչ էլ որդուս պահեք:
Արդեն 15 օր է տղաները բացի բրնձից որինչ չէին կերել, ու մեկ էլ սեղանին ենհայտնվում համեղ, տնական ուտեստներ:
Արամի հայրը շարունակում է իր պատմությունը. «Տեսնելով, որ տղաս Գորիսում չէ, մտածեցի, եթե հետ դառնամ տուն, առանց տղայիս նամակի, կինս չի հավատա, որ որդիս կենդանի է: Նստեցի Ֆիզուլի եկող "Վիլիսը” ու հասա ձեզ մոտ:
Հունվարի 12-ին Պետրոսը գնում է Արամին փնտրելու: Տեղեկանալով, որ որդին առաջին գծում է, որտեղ ծանր մարտեր են մղվում, զինվորի հայրը մնում է բուժակների մոտ և մի քանի օր շարունակ փնտրում որդուն վիրավորների և դիակների մեջ, սակայն չի գտնում: Վերջապես երրորդ, թե չորորդ օրը երեկոյան Արամն իջնում է դիրքերից, ողջ ու առողջ: Հոր ուրախությանը չափ չկար…
Երկու օր Արամը մնում է հոր մոտ: Այդ օրերի ընթացքում խեղճ հայրն այնքան վիրավորներ և զոհեր էր տեսել, որ նրա սիրտը չի դիմանում ու դողացող ձայնով դիմում է որդուն.
- Արի քեզ այստեղից տանեմ, տղաս… թե չէ գնամ մորդ ի՞նչ պատմեմ... Էսքան վտանգավոր գոտում քեզ մենակ ո՞նց թողնեմ:
- Չէ պապ, վաղը գնալու եմ դիրքերը, -պատասխանում է Արամը ու շարունակում, -Արդեն մի քանի օր է այստեղ եմ, ամաչում եմ: Գիտես ի՞նչ դժվար է, երբ զինվորին կանչում են դիրքերից, ու այլևս չի վերադառնում: Դիրքերում մնացողներն ընկճվում են: Ես ուզում եմ, որ ընկերներիս մտքով իսկ չանցնի, թե կարող եմ իրենց լքել: Վաղը վերադառնում եմ տղների մոտ, ես պարտք ունեմ կատարելու, իսկ դու հանգիստ գնա տուն, ամեն ինչ լավ կլինի:
Եվ մտասուզված, մոլոր հայացքով ու արցունքները խեղդելով, հայրը հեռանում է ռազմաճակատից, համոզված լինելով, որ վերջին անգամ էր գրկում իր միակ որդուն:
Արամը հաղթանակած է վերադառնում տուն: Հիմա նա իր հայրենի գյուղի դպրոցում երեխաներին նկարչություն է դասավանդում: Բայց և իր պարտքն է համարում աշակերտներին փոխանցել ամենկարևորը` սերը Հայրենիքի հանդեպ:
Արուսյակ ՍԻՄՈՆՅԱ