Ղեկավարվելով հատկապես այս նպատակներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները ձեռնարկել են մի անհեռանկար գործընթաց` ամեն գնով հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը: Նրանց բոլորովին չի հետաքրքրում, թե ի՞նչ ճանապարհով, ո՞ր կողմի շահերին վնասելով կամ օժանդակելով, միջազգային իրավունքի նորմերը պահպանելո՞վ, թե խախտելո՞վ կկնքվի խաղաղության պայմանագիրը: Նրանց պետք է միայն կայունությունը:
Լինենք անաչառ: Խաղարարար նպատակներով տարածաշրջան ներթափանցած պետություններին ամենևին չի հետաքրքրում, նաև, Լեռնային Ղարաբաղի բնակչության հետագա ճակատագիրը: Կմնա Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն, բռնի կերպով կվերադարձվի Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ, թե կմիանա Հայաստանին, խաղարարների համար, նույնիսկ, երկրորդական կարգի էլ խնդիր չէ: Նրանց համար այս հարցը, պարզապես, հետաքրքիր չէ: Միակ նպատակն է` կողմերին բերել ամուր և վերահսկելի համաձայնության, երկարաժամկետ խաղաղության պայմանագրի կնքման:
Այս իսկ պատճառով, պարզամտություն կլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող պետություններից և նրանց ներկայացուցիչներից կոնկրետ և գործուն առաջարկներ սպասելը:
Դժվար չե նկատել, որ, դեռևս, բանակցությունների սեղանին այդպես էլ չի դրվել խաղաղության տանող յուրաքանչյուր հաջորդ քայլը հաշվի առնող առաջարկություն: Առ այսօր մենք գոհացել ենք միայն ծանոթանալով նրանց, իբրև միջազգային իրավական փաստաթղթերի պահանջներից բխող, դեկլարատիվ հայտարարություններով: Միևնույն ժամանակ ակնհայտորեն պարզ է, որ համանախագահները պատրաստ են թքել միջազգային իրավունքի վրա և կհամաձայնվեն ցանկացած պայմանագրի, թեկուզ և միջազգային իրավունքի ամենաաղաղակող խախտումներով, որը հնարավորություն կընձեռնի այդ անհանգիստ տարածաշրջանում խաղաղություն ապահովել:
Մի խոսքով, ղարաբաղյան թնջուկի լուծման գործընթացում շահագրգիռ բոլոր միջազգային կառույցներն իրենց քթից այն կողմ չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել, և լիովին առհամարում են խաղաղության պայմանագրի կնքումից հետո սպասվող իրադարձությունների վերաբերյալ հաշվարկների ու կանխատեսումների գործընթացը: Եվ իզուր, քանզի շահագրգիռ դիտորդի մոտ օրինական հարց է առաջանում, թե ինչպե՞ս և ինչպիսի՞ն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատկերացնում անդրկովկասյան տարածաշրջանը, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հնարավոր և իրենց համար այդքան ցանկալի կնքումից հետո:
Մանկամտություն կլինի հուսալ, թե խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կվերականգնվեն բեռնափոխադրումները, կբացվեն սահմանները, կսկսվեն մշակութային կամ մարզական շփումներն ու փոխայցելությունները: Եվրոպական կառույցները նույնիսկ ի զորու չեղան կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը: Չնայած Ադրբեջանի հավաքականի անդամների անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ ղեկավարության միանշանակ հայտարարությանը, պաշտոնական Բաքուն մերժեց խաղի անցկացումը: Բնական է, որ ոչ այն նպատակով, թե հոգում էր իր ֆուտբոլիստների առողջության ու կյանքի համար:
Գաղտնիք չէ, որ, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի անձնական նախաձեռնության շնորհիվ, այդ պետության մեջ տարվում է լայնամասշտաբ հակահայկական քարոզչություն, որի մեջ ներգրավված են գիտության, մշակույթի, կրթության, դաստիարակության և մյուս ոլորտները: Գրականությամբ, դասգրքերով, արվեստի բոլոր տեսակներով, զանգվածային լրատվամիջոցներով հայը ներկայացվում է որպես ամեն տեսակի, հնարավոր ու անհնար, արատների կրող, ինչի արդյունքում, ներկայումս, Ադրբեջանի Հանրապետության հանրության մեջ հայ ժողովրդի նկատմամբ արմատավորվել է ծայրահեղ թշնամական վերաբերմունք:
Ադրբեջանում տիրող տխուր իրողությունը փաստում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ոչ թե ձևական-պայմանագրային, այլ իրական խաղաղ հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է երկարատև ժամանակահատված, գոնե երկու սերնդափոխություն: Գոյություն ունի նաև այլ տարբերակ. տարածաշրջանում օգտագործել բազմամիլիոնանոց խաղաղապահ զորքեր: Այս դեպքում, սակայն, «խաղաղության ծախսերը» ակնհայտորեն կգերազանցեն «էներգատարների շահույթները»:
Իսկ եթե համանախագահները անկեղծորեն գտնում են, թե խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կարելի է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները թողնել ներկայիս վիճակում, ապա դարձյալ սխալվում են, քանի որ նրանց հաստատապես պետք կգան վերոհիշյալ խաղաղապահները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման ցանկացած տարբերակի դեպքում էլ, ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ և հայերի հետ նրանց ուղղակի շփման հնարավորությունների ընդարձակումը, ծրագավորված կհանգեցնեն անկանխատեսելի, ավելի ճիշտ, հեշտ կանխատեսելի, պայթյունավտանգ հետևանքների: Ադրբեջանի բնակչությունը, որը, իրականացված կոշտ ու համատարած քաղաքական քարոզչության արդյունքում, հայերին ընկալում է որպես մշտական թշնամիների, երբեք ձեռքից բաց չի թողնի կացին վերցնելու առիթը …:
Այսպիսով, կարելի է եզրակացնել. Անդրկովկասյան տարածաշրջանի կայունության և էներգատարների լիարժեք անվտանգության ապահովման տեսանկյունից, ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն տարբերակ պետք է համարել ներկայումս գոյություն ունեցող իրավիճակը: Ադրբեջանի և ԼՂՀ սահմանին երբեմն հնչող առանձին կրակոցները և իլհամալիևյան ճառաբանական հրետակոծությունները ամենևին չեն կարող վտանգել նավթային և գազային խողովակաշարների անվտանգությունը:
Արա ԳՐԻԳՈՐՅԱՆ