«Որդիս մահը տղամարդավարի՞ ընդունեց»- հարցրեց Գագիկի հայրը, երբ տուն բերեցին որդու դին: Այս բառերն  ապշեցրեցին Գագիկի մարտական ընկերներին, ովքեր ամբողջ ճանապարհին մտածում էին, թե ինչպե՞ս բացատրեն իրենց ընկերոջ մահը: Նրանց աչքերից արցունքներ հոսեցին այն մտքից, որ հայ հոր համար ամենակարևորն իր  որդու Հայրենիքին նվիրումը, խիզախությունն ու պատվախնդրությունն է:
 
 1991 թվականի դեկտեմբերի 16-ն էր: Հասանբերդ: Այդ օրվա հերոսական մարտի մասին դեռ շատ ու շատ կխոսվի, որովհետև մի բուռ քաջորդիներ անհավասար մարտի էին բռնվել թշնամու անհամեմատ գերակշռող ուժերի հետ ու հաղթանակել: Մերոնց հորոսությունից նույնիսկ թշնամին էր ապշել:  
 
 13 մարտիկներ ընկել էին շրջափակման մեջ: Բոլորն էլ երտասարդ էին` ուսանող կամ նորավարտ, բայց Նժդեհի գաղափարներով սնաված ու նրա անունը կրող ջոկատին անդամագրված:  Մինչև ատամները զինված 150-ից 200 ասկյարներ անընդհատ գրոհում էին:  Անդադար արճճե կարկուտ էր թափվում տղաների գլխին: Մարտի հենց սկզբում վիրավորվեց ստեփանակերտցի Դավիթը, իսկ հետո  թշնամու կրակահերթից ընկան նրան օգնության շտապող Վաչեն ու Վարդանը: 
 
 Չընկրկելով թշնամու անդադար կրակոցներից, իր ընկերներին օգնության նետվեց նաև Գագիկը: Նրան էլ վիրավորեցին… 
 
 Տասներեք տղաներից, բացի Դավթից ու Գագիկից, վիրավոր էին Արամը, Ներսոն և Հովիկը, իսկ երկուսն էլ զոհվել էին… Հայորդիները դրիքավորված վիրակապում էին վերքերը և շարունակում մեկմեկու ոգևորելով պաշտպանվել … 
 
 Իսկ ադրբեջանցիներն ավելի էին մոտենում, սեղմում օղակը: Թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, օգնության ոչ մի հույս չկա:  Տղաներից մեկը կրծքին է սեղմում նռնակը ու սպասում մոտեցող թշնամուն: Գագիկը, չնայած որովայնի վերքին, որից հոսող արյունը աստիճանաբար  ուժասպառ էր անում նրան, սկսկում է ոգևորել ընկերներին. «Տղերք, մի հուսահատվեք, դուխներդ պահեք: Կկռվենք մինչև վերջին փամփուշտը»: 
 
 Նորից է սկսվում մարտը: Անականկալի եկած ադրբեջանցիները խուճապի են մատնվում և մեծ թվով զոհեր տալիս: Բայց ավելի են մոտենում մեր դիրքերին և փոխհրաձգությունն այս անգամ շարունակվում է շատ մոտ տարածությունից: Այս պայմաններում մարտը տևում է ամբողջ վեց ժամ, մինչև օգնության են հասնում ընկերները: 
 
 Երբ հասնում են Գագիկին, նա արդեն արնաքամ էր` մի ձեռքին ավտոմատն էր, իսկ մյուս ձեռքը ամուր սեղմված էր որովայնի վերքին, որից դեռ կաթկաթում էին արյան վերջին կաթիլները: 
 
 Այսպիսի հերոսական պատմությունները բազմաթիվ են, քանզի երկրապահները ոտքի էին ելել իրենց հայրենի հողն ազատագրելու բաղձանքով: Հայրենիքն էր կանգնած նրանց կողքին, Հայրենիքն էր նրանց ուժ տվողը և նրանցից յուրաքանչյուրի թափած արյան կաթիլները, ձուլվելով մայր հողին, ամեն գարուն այն պատում են բազմաբույր ծաղիկներով: 
 
 Գագիկը նահատակվեց հանուն Հայոց Աշխարհի հաղթական ապագայի, բայց այդ արքայական անունը կրողներն էլի կծնվեն ու, հարկ եղած դեպքում, դարձյալ ոտքի կելնեն: Գագիկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիության համար» մեդալով:  
 
 Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ 
		
	  |