«52 րոպեների մեջ ես ինչպե՞ս տեղավորեմ այսքան ավերակները», - զարմացած ասել էր ֆրանսիացի կինոռեժիսոր Լիլիան դ’Կերմադեն, Շուշիում նկարահանումներն ավարտելուց հոտո:
Լիլիան դ’ Կերմանդեն իր ֆրանսիացի ծանոթներից մեկի խորհրդով էր 2002թ մեկնել Լեռնային Ղարաբաղ` նկարահանելու նախագահական ընտրությունների ընթացքը: «Ես, մինչև մեկնելս, ոչինչ չգիտեի Արցախի մասին, անգամ չէի էլ լսել «ղարաբաղյան հակամարտություն» արտահայտությունը: Մենք` ֆրանսիացիներս, գիտենք այն, ինչ գիտենք, իսկ ինչ չգիտե՞նք, պետք էլ չի իմանալ: Մենք այդպես ենք մտածում: Երբ առաջին անգամ մտա Շուշի, անկախ ինձանից աչքերիցս արցունքներ հոսեցին, քանզի տեսա, որ ավերված էր մի հրաշք քաղաք», - ասում է կինոռեժիսորը:
Տիկին Լիլիանը հայտնվելով Ղարաբաղում, մոռանում է ընտրությունների մասին ու սկսում նկարահանել մարդկանց ու ավերակները: Արցախն իր հրաշալի բնությամբ, ինքնատիպ մարդկանցով ու բազում ավերակներով, հանգիստ չի թողնում կինոռեժիսորին և նա 2007 թվականին կրկին վերադառնում է ու սկսում «Ավերակների շշնջյունը» վավերագրական տարերրով գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց կինոռեժիսորն իր ֆիլմը նվիրել է հեց ավերակներին: Նրա համար ավերակները դարձել են պատերազմի խոսուն վկաներ, որոնք կարղ են անվերջ պատմել իրենց տեսածը: Իսկ ավերակներին շունչ են տալիս ֆիլմում հնչող հայկական մեղեդիները: «Շուշիի փլատակները հայրենասիրության ավերակներ են, որոնք խոսում են հաղթանակի լեզվով», - նշում է ֆրանսուհի կինոռեժիսորը:
Ֆիլմի հերոսները շուշեցիներն են, ովքեր ապրում են իրենց քաղաքը վերականգնելու երազանքով: Թե’ տաքսիստը, թե’ ոստիկանը և նույնիսկ երկրորդ դասարանցի մանչուկը ցանկնում են վերականգնված տեսնել իրենց քաղաքը և ամեն ինչ անում են դրա համար: Նրանք ուղղակի այրվում են իրենց հայրենի քաղաքի ապագայով: Շուշեցիները քաղաքի վերակառուցումը սկսել են հացի փռից: Ֆրանսուհին հասկացել է, որ եթե հայկական բնակավայրից հացի բույր է տարածվում, ապա այն կանգուն է, և արդեն ոչ ոք չի կարող բռնազավթման փորձ ձեռնարկել:
Ֆիլմի վերջում հնչում է Ռաֆայել Պատկանյանի «Օրորոցի երգը», ի նշան նրա, որ հայոց զավակները միշտ պատրաստ են հաղթանակների:
Ֆրանսիացի կինոռեժիսորը Հայաստան է եկել «Կին» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իր հետ բերելով «Ավերակների շշնջյունը» լիմետրաժ ֆիլմը և փառատոնից հետո կրկին մեկնելու է Շուշի, որպեսզի մեկ անգամ ևս ականջալուր լինի, ըմբոշխնի Շուշվա ավերակների շշնջյունը:
Արուսյակ Սիմոնյան
|