Ֆոտոգենիկ դիակների սակավությու՞ն:
Անցած երկուշաբթին ծանր ստացվեց նավթադոլարներ լվացող «Հեյդար Ալիև» հիմնադրամից կերակրվող քարոզչական ճակատի մարտիկների համար: Ամեն ինչ սկսվեց ԱՊԱ լրատվական գործակալության սրաբովանդակ մի հաղորդագրությունից, որն ընթացքից հափշտակեցին Ադրբեջանի բոլոր տեղեկատվական բազեները:
2009թ.դեկտեմբերի 21-ի ժամը 10;23 ԱՊԱ-ն հաղորդեց. «Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի ուղղությամբ, 50-ամյա մի կին փորձել է անցնել ադրբեջանական տարածք: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի ղարաբաղյան բյուրոն, հայկական կողմի վերահսկման տակ գտնվող տարածքում կտրելով շփման գիծը, կինը մոտեցել է Ադրբեջանի ԶՈՒ դիրքերին` ուշադրություն չդարցնելով ադրբեջանական զինվորների պահանջներին: Այդ պահին խախտվել է հրադադարի ռեժիմը ու կինը մեռած վայր է ընկել: Ենթադրվում է, որ կինը գնդակահարվել է հայերի կողմից: Դա արվել է նրա անցումը ադրբեջանական կողմ թույլ չտալու նպատակով»:
Իհարկե, ոչ բավարար չափով գիրացած made in Azerbaijan մակնիշի ապատեղեկատվական հսկան չէր կարող իրեն արդարացնել, եթե դրանից մի 9 րոպե առաջ չթխեր նախնական ապատեղեկատվություն առ այն, որ «Հայաստանի զինված ուժերը, շարունակելով խախտել հրադադարի ռեժիմը, ինքնաձիգներից ու գնդացիրներից գնդակոծել են Աղդամի շրջանի ադրբեջանական դիրքերը»:
Հասկանալի է, որ «տագնապ» հրահանգով ոտքի թռան «հայկական ահաբեկչության» և «ադրբեջանական ցեղասպանության» բոլոր գիտակները և, լպստելով յուղոտ շուրթերը, սկսեցին պատրաստել հերթական օպուսները: Ճարտարագույն գրչակները սկսեցին թխել մի ղարաբաղցի կնոջ մասին, ով որոշել էր ճեղքել ռազմաճակատը և քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանից: Սույն «փաստի» համար գտան նաև «բացատրություններ», օպերատիվ «պարզելով», որ « ղարաբաղցի կինը» չի դիմացել շրջափակված Արցախի կիսաքաղց կյանքին և, կյանքը վտանգելով, նետվել է կուշտ Ադրբեջանի գիրկը: Իհարկե արդեն զարմանալի չէր, որ ադրբեջանական կայքերում հայտնվեց զոհվածի` «հայկական գնդակներից խոցված» միջահասակ կնոջ, լուսանկարը: Իհարկե այդ լուսանկարը պե´տք է հայտնվեր, այլ կերպ չէր էլ կարող լինել, հայերի կողմից սպանված սովալուկ հայուհի…
Այստեղ, սակայն, կարծես թե հիանալի մտածված և անթերի շարված փասիանսը սկսեց փլուզվել, անվիճելի փաստերի ճնշումից: Հայկական բլոգերները բացահայտեցին, որ «հայերի կողմից սպանված հայուհին» նույն ինքը… 2008թ. օգոստոսին զոհված վրացուհին է, և հրապարակեցի լուսանկարի բնօրինակը:
Այդժամ, արդեն օրվա երկրորդ կեսին, ազագիտպրոպը ստպված ինքն իրեն մի թեթև սրբագրեց: Սկսեցին թափվել զայրալից հաղորդագրություններ այն մասին, որ «հայերը սպանել են ադրբեջանուհու»: Հայտնվեցին նաև որոշ մանրամասնություններ. «դեկտեմբերի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծին սպանված կինը ադրբեջանուհի, Աղդամի շրջանի բնակչուհի Սադաղեթ Փաշա կըզի Մամեդովան է»:
Հիմա արդեն, ադրբեջանցի ճարտարագույն գրչակները ստիպված էին քրտինք թափել ԼՂՀ հետ սահմանակից շրջանների բնակիչների վտանգներով հարուստ, տառապալից կյանքի մասին: Ոչ անհայտ ռազմական փորձագետ, 3rd View տեղեկատվական վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը նույնիսկ հասցրեց «Էխո» թերթում գանգատվել այն մասին, որ «ռազմաճակատի մոտերքում բնակվող խաղաղ բնակչությունը հաճախակի է դառնում հայկական կրակահերթերի զոհ»:
Այս ապատեղեկատվությունը նույնպես չստացվեց: Արդեն երեկոյան կողմ ստացվեց մի տեղեկատվություն, որն ամբողջապես ի դերևս արեց ազագիտպրոպի լակեյների տիտանական աշխատանքը: Ինչպես հաղորդեց պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ, գնդապետ է, թե լեյտենանտ, հասկանալի չէ, Էլդար Սաբիրօղլուն. «Այդ ժամանակ մեր զինծառայողների կողմից կրակ է բացվել այդ ուղղությամբ, և կինը զոհվել է գնդակներից ստացած վերքերից: Կրակող զինծառայողը ձերբակալված է, փաստով կատարվում է քննություն»:
Շատ արհեստավարժ բան է Աղդամի, բիլիարդի սեղանի պես հարթ տարածքում գնդակահարել միայնակ ադրբեջանուհիներին: Իլհամ Ալիևի վերջին հույսի մարտունակության և մարտական պատրաստականության լիակատար բնութագիր:
Արա ԳՐԻԳՈՐՅԱՆ
|