«Մինչև Ղարաբաղը չմիավորվի Հայաստանին, ես այստեղից վեր կացողը չեմ»,- հայտարարեց Արշակ Ղամբարյանը, երբ մայրը գտավ Ազատության հրապարակում հացադուլի նստած իր որդուն: Դրանից միայն 23 օր անց բժիշկներն ուշակորույս Արշակին կարողացան մի կերպ հիվանդանոց հասցնել: Նույն գիշեր, սակայն, Արշակը, ուշքի գալով, փախավ հիվանդանոցից, զենք ճարեց ու մեկնեց Գորիս:
Ամեն անգամ, երբ նա վերադառնում էր հերթական մարտից` Կոռինձորից, Շուշիից, Լաչինից, Ֆիզուլիից, նրա կրտսեր եղբայրը` Ղազարը, որ ըմբշամարտիկ էր ու բռնցքամարտիկ, թախանձում էր. «Ինձ էլ տար հետդ էլի, էս ուժս ո՞ր օրվա համար է»: Բայց Արշակը եղբորը միշտ նույն պատասխանն էր տալիս. «Դու տանը պիտի մնաս, իմ հույսը դու ես: Որ զոհվեմ, մերոնց ո՞վ պիտի տիրություն անի»:
Արշակը միշտ էլ անտրամադիր էր տուն գալիս, քանի որ ամեն անգամ հետները մի մարտական ընկերոջ դիակ էին բերում: Նա այլևս, առաջվա պես, կատակներ չէր անում ու համարյա միշտ լռում էր: Արշակի կինը` Մարին, արդեն վարժվել էր ամուսնու այդ վիճակին: Երբ Արշակը տուն էր մտնում, Մարին, առանց մի բառ ասելու, ջուր էր տաքացնում ամուսնու համար, նրան լողացնում, զինվորական համազգեստը լվանում ու թաքուն սրբում աչքերի արտասուքը:
Բայց մի օր էլ չդիմացավ ու ամուսնուն հարցրեց. «Դու, ուրեմն, կարող է և զոհվե՞ս», ու լսեց Արշակի չոր պատասխանը. «Ինչի՞, իմ արունը կարմիր չի՞»: Կնոջ աչքերից բխկացին արցունքների շիթերը: Արշակը, տեսնելով Մարիի ընկճված վիճակը, մետեցավ, գրկեց նրան ու փորձեց կատակի վերածել իր ասածը:
Դա 1992 թվականի օգոստոսյան այն օրն էր, երբ հեռուստացույցով հնչեց Վազգեն Սարգսյանի մարտակոչը: Արշակը զանգեց «Մուշ» ջոկատի իր ընկերներին: Նրանք բոլորն էլ, երկու ամիս տարբեր ճակատներում կռվելուց հետո, մի գիշեր տանը հանգստանալը բավարար համարեցին և որոշեցին առավոտյան գնալ նախարարություն ու ներգրավվել մահապարտների ջոկատի մեջ: Այդ գիշեր Արշակը մտախոհ էր, չէր կարողանում քնել: Նրան սփոփում էր միայն այն, որ ընտանիքը թողնում է եղբոր հույսին:
Երբ նա առավոտ վաղ հասավ նախարարություն, այնտեղ արդեն այնքան մարդ էր հավաքվել, որ դժվարությամբ գտավ իր ընկերներին: Հայրենի հողը պաշտպանելու համար նախարարություն եկածների մեջ նա հանկարծ հանդիպեց եղբորը: Ղազարը նրանից շուտ էր հասել և արդեն գրանցվել էր ցուցակում:
Մահապարտները մկրտվեցին Գանձասարում, հաղորդություն ստացան և իջան հովիտ , որ դիրքավորվեն Չլդրանում ու Վաղուհասում: Ճամփաբաժնում եղբայրները պատահաբար հանդիպեցին: Մինչև այդ նրանք նեղացած էին իրարից, այն բանի համար, որ Ղազարը չէր լսել Արշակին: Նրանք մոտեցան իրար. «Ես Վաղուհաս եմ գնում, -ասաց Արշակը, - դու Չլդրան գնա, որ մեկիս բան պատահի, մյուսս… Գոնե չենք տեսնի: «Ես խփվողը չեմ»,- լսվեց պատասխանը: Եղբայրները գրկախառնվեցին ու բաժանվեցին:
Պատերազմը վերջանում էր: Շենգավիթի ազատամարտիկներից շատերը, ոմանք ողջ-առոջ, ոմանք էլ վիրավոր, վերադարձել էին ու մածում էին ապագայի մասին: Մեկ էլ զինկոմիսարիատից լուր եկավ, թե կռված տղերքին կանչում են: Թշնամին ամբողջ ձմեռ նախապատրաստվել էր, լրացուցիչ ուժեր կենտրոնացրել, վարձականներ հավաքել, որպեսզի Շահումյանի վրայով մտներ Մարտակերտի շրջան, որտեղ հայկական հնագույն բնակավայրերն էին` Թալիշը, Այգեստանը, Լենինավանը, Կարմրավանն ու Հացավանը: «Տղերք, մենք երևանում անելիք չունենք, մեր տեղը Ղարաբաղն է, պատերազմը», - ասաց Գևորգը, ու բոլորը լուռ համաձայնվեցին:
Արցախի հյուսիսային դարպասների պաշտպաններն ամբողջ ձմեռ խրամատներում էին անցկացրել, Հայաստանից նոր ուժերի գալը նրանց ոգևորեց: Հայկական ջոկատների անսպասելի սուր հակագրոհներից անակնկալի եկած, խուճապի մատնված հակարակորդը նահաջեց ընդհուպ մինչև Մարտակերտի հյուսիսային հատվածը` Կարմիրավանի մատույցները: Զգալով, որ հետևում Սիր- Բաշիրն է, ադրբեջանցիները սթափվեցին, ի մի բերցին իրենց ցաք ու ցրիվ վաշտերը և գլխավոր շտաբից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք պահանջեցին:
Նրանց հրամանատարը, որն ուզում էր վերականգնել իր հեղինակությունը, ռադիոեթերում անըդհատ կրկնում էր. «Ապրիլի 24-ին հայերին այնպիսի ջարդ տամ, որ 1915 թիվը հիշեն»: Ու որպեսզի Արցախի պաշտպաններին արյունոտ անակընկալ մատուցվի, 24-ին նախատեսված գրոհն սկսվեց ապրիլի 21-ին: Հարձակմանը մասնակցում էին ոչ միայն լավ զինված մեծաքանակ ադրբեջանցիներ, այլ նաև բազմաթիվ թուրք և աֆղանստանցի փորձառու վարձկաններ: Վարձու մարդասպաններին Ադրբեջանը, հաղթանակի դեպքում, 1000-ական դոլար էր խոստացել, գումարած թալանի հնարավորությունը:
Մերոնք հստակ գիտակցում էին, որ ուժերն այս անգամ անհավասար են, սակայն մտածելու ժամանակ և ընկրկելու սովորույթ չկար: Չկար նաև օգնություն ստանալու հույս: Ճակատի հանգուցային դիրքերը պահելու համար հատուկ գրոհային գումարտակի հրամանատար Վահագն Վարդապետյանն ընտրեց իր մարտական ընկերներից ամենահանդուգներին, տասնչորս հոգու: Նրանք մինչև իրենց վերջին շունչը պահեցին դիրքերը:
Տասնչորսից ոչ մեկը չվերադարձավ: Վերջինը զոհվեց հրամանատարը, քաշելով նռնակի օղակն ու պայթեցնելով թե իրեն, թե թշնամու զինվորներին: Ճիշտ է հակառակորդը հաղթեց այս մարտում, բայց գյուղ մտնել այդպես էլ չհամարձակվեց: Նա սարսափել էր հայ զինվորի մարտական ոգուց: Այդ տասնչորս նահատակների մեջ էր նաև Արշակ Ղամբարյանը…
Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ
|