Արջը թշնամիների սարսափն էր դարձել: Նրա հերոսությունների և քաջագործությունների մասին առասպելներ էին պատմում: Մարտադաշտում այդ փոքրամարմին ու լռակայց քսանութամյա երիտասարդն իսկական դյուցազն էր դառնում:
Պատերազմում շատ շուտ պարզվեց, որ նա ջոկատում ամենաքաջ ու անվեհեր մարտիկն է: Նա կարծես ջոկատի ողնաշարը լիներ: Տղաները նրան Արջ կոչեցին հենց առաջին օրից` կազմվածքին չհամապատասհանող, տիտանական ուժի համար: Ծանր հակատանկային զենքը, որը սովորաբար մի քանի հոգով էին տեղափոխում, Արջը մենակ էր վերցնում ու այդ հսկայական ծանրությունն ուսին նա կարող էր, առանց տրտնջալու և հոգնելու, քայլել տասնյակ կիլոմետրեր: Նա նաև անգերազանցելի հետախույզ էր ու կարողանում էր ճիշտ կողմնորոշվել ամենախրթին իրավիճակներում ու գտնել անսպասելի լուծումներ: Անփոխարինելի էր Արջը ու անխոցելի:
«Մի անգամ արթնացաք ու տեսանք, որ ծառին 4 ձի է կապված, կամ մի օր էլ իմացանք, որ գիշերը սպանվել է թշնամու հրամանատարը: Մենք չէինք էլ փորձում գուշակել թե ով կարող էր լինել այդպիսի գործողությունների հեղինակը: Բոլորիս համար էլ պարզ էր, որ դա Արջի ձեռքի գործն է», - հիշում է Գնելը:
Արջը միշտ առջևից էր գնում, նամանավանդ, երբ խմբում լինում էին չամուսնացած տղաներ: Սրանց նա ուղղակի կարգադրում էր գալ իր հետևից ու ստիպում էր ենթարկվել: Ու նրանք ենթարկվում էին: Ենթարկվում էին ոչ միայն նրա համար, որ նա անհողդողդ հեղինակություն ուներ, ալև նրա համար, որ խորապես համոզված էին` Արջն անխոցելի է, նրան գնդակ չի կպչում:
Մարտից հետո Արջը դառնում էր զգայուն, բարեսիրտ ու հոգատար` ընկերներից յուրաքանչյուրի համար:
Չարդախլու գյուղի ազատագրման համար մղվող դաժան մարտերից մեկի ժամանակ, նկատելով, որ նշանառության տակ է մնացել ընկերներից Մայիսը, Արջն իր մարմնով ծածկում է նրան ու ընկնում թշնամու գնդակներից:
Արջը զոհվեց քսանինը տարեկանում, թողնելով երիտասարդ կնոջը և երեք երեխաներին: Զոհվեց, թողնելով դյուցազներգության մի տող հայոց հաղթանակների ոսկյա մատյանում…
Չարդախլու գյուղն իհարկե ազատագրվեց, հակառակորդը ճողոպրեց, թողնելով բազում սպանվածներ ու բազմաթիվ գերիներ: Չարդախլուն այսօր կոչվում է Արջաձոր: Արջի` Էդիկ Մելքոնյանի, անունն է կրում նաև Տավուշի մարզի Պառավաքար գյուղի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել էր մեր անմահ հերոսը:
Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ