ԵԽԽՎ մոնիտորինգի նիստում քննարկվել է Հայաստանի հարցը, մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարն ասել է, որ լուրջ զեկույց է պատրաստում Հայաստանի մասով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա, Հայաստանի իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել մարտի մեկի դեպքերից հետո անազատության մեջ գտնվողներին, «Նիկոլ Փաշինյանի մասով հստակ ասվում է, որ նրա պայմանական վաղաժամկետ ազատումը տեղի կարող է ունենալ ամռանը, իսկ Սասուն Միքայելյանի վերաբերյալ ասվում է` պետք է դրսևորվի հումանիստական դրսևորում և առողջական խնդիրների հետ կապված նրան պարտադիր պետք է բաց թողնեն: Մարտի 1-ի տասը զոհերի մասով հստակ ասվում է, որ տեղի պետք է ունենա պատշաճ քննություն և բացահայտումներ»:
Զ. Փոստանջյանն ասաց, որ մարտի 1-ի զոհերի բացահայտման համար մինչ այժմ պատշաճ քննություն չի իրականացվել, քանի որ չկա քաղաքական կամք: «Պատկան մարմինների կողմից նման փորձ չի իրականացվել: Եթե նման ցանկություն լիներ ու նման փորձ կատարվեր, ապա բոլոր այն մարդիկ, ովքեր այդ սպանությունները կատարել էին, հայտնի կլինեին հանրությանը: Ես ասեմ, որ փաստահավաք խումբը շատ մեծ աշխատանք էր կատարել, և դրա աշխատանքներին ծանոթանալուց կարելի էր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին»,-ասաց Զ. Փոստանջյանը` միաժամանակ հանրապետության գլխավոր դատախազին ու իրավապահ մարմիններին մեղադրելով անգործության մեջ:
«Այսօր ՀՀ գլխավոր դատախազը` Աղվան Հովսեփյանը, ինքը դսևորելով անգործություն, հանցակից է այդ հանցագործությունները չբացահայտելու մեջ: Հենց այնպես չի ասվում, որ պետք է դրսևորվի քաղաքական կամք: Քաղաքական կամքը հետևյալն է. պետք է իրականացնել քննություն և արդար դատավարությամբ պատժել մեղավորներին»,-ասաց Զ. Փոստանջյանը:
/Panorama.am/
|