Աշխարհում մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող առաջատար երկրներն են Նորվեգիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նիդերլանդները, Կանադան, Շվեդիան և Գերմանիան։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժողովուրդների իրական հարստությունը. Մարդու զարգացման ուղիները» զեկույցում։ Ինչպես հաղորդում է Tert.am-ը, զեկույցում տեղ են գտել տարբեր երկրներում կենսամակարդակի, սոցիալական ապահովության, առողջապահության, բնակչության կրթական և մշակութային զարգացման մակարդակի, հանցավորության, շրջակա միջավայրի պաշտպանության վիճակի, որոշումների կայացման գործում մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։ Մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող պետությունների շարքում են նաև Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Ուկրաինան։ Այս երկրները զբաղեցնում են, համապատասխանաբար, 61-րդ, 65-րդ, 66-րդ, 67-րդ և 69-րդ տեղերը։ Վրաստանը այդ ցանկում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 76-րդ։ Մարդկային զարգացման միջին մակարդակ ունեցող պետությունները ցանկը գլխավորում են Թուրքմենստանն ու Ֆիջին (87-88)։ Այդ խմբում են նաև Մոլդովան, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 169 երկիր։ Ցուցակի վերջին տեղերում են Նիգերիան, Կոնգոն և Զիմբաբվեն։ Մարդկային զարգացման ցածր մակարդակով պետությունների շարքում է 41 երկիր։
/Times.am- Հայաստանի լուրեր/
|