Արբեջանական կողմը հասարակական կազմակերպությունների միջոցով դիպուկահարներ հավաքելու մասին հայտարարություններով բանակցային գործընթացի վրա հասարակական ճնշման փորձ է անում: Քիչ առաջ ավարտված ասուլիսում նման տեսակետ հայտնեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Միջնորդ երկրներն անընդհատ հորդորում են` դիպուկահարներին հեռացնել առաջին գծից, սակայն Ադրբեջանում շահագրգռված չեն հեռացնել դիպուկահարներին: Դիպուկահարների կուրսեր բացելու մասին հայտարարություններով պաշտոնական ադրբեջանական կողմը չի ուզում մերժել դիպուկահարների հեռացումն առաջին գծից ու դրան հաղորդում է հասարակական նախաձեռնության ֆոն: Նրանց այս քայլի իմաստն այն է, թե կա կամավորական հոսք, ու եթե պետությունն էլ որոշի, որ դիպուկահարները հետ քաշվեն, ապա հասարակությունը ինքնաբուխ կարող է ձևավորել»,- վերլուծեց Դ.Ջամալյանը: Ռազմական փորձագետի համոզմամբ, «ուղղակի պետք է վստահ լինել, որ Արցախի հատուկ մասնագիտացած ստորաբաժանումները, անկախ նրանից, թե Ադրբեջանի որ պաշտոնյան ինչ կասի կամ ինչ է ասում, իրականացրել ու իրականացնում են հակադիպուկահարային գործողություններ»:
Նշենք, որ երկու օր առաջ Ադրբեջանում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել դիպուկահարների դպրոցի բացումը: Նախօրեին Panorama.am-ի հետ զրույցում Ջամալյանն ասել էր, որ Ադրբեջանում հակված չեն գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը մեղմելու նպատակով, հանրահայտ է, և այս` իբրև թե հասարակական նախաձեռնությունը ընդամենը ասվածի հերթական հաստատումն է:
«Հայկական կողմը իրադրությունը նպատակաուղղված ապակայունացնելուն միտված նախահարձակ գործողություններ երբեք չի իրականացրել, բայց հակառակորդի սանձարձակություններն էլ երբևէ չի թողել անպատասխան: Այնպես որ` Արցախի Պաշտպանության Բանակի մասնագիտացված հատուկ ստորաբաժանումները հավուր պատշաճի կդիմավորեն «կամավորագրված» ադրբեջանցի դիպուկահարներին»,- ընդգծել էր ռազմական հոգեբանը: Նախորդող հրապարակում` Դ. Ջամալյան. ՊԲ մասնագիտացված ստորաբաժանումները հավուր պատշաճի «կդիմավորեն» ադրբեջանցի դիպուկահարներին:
/Panorama.am/
|