«Ռուսաստանի Դաշնությունն այսօր բացառիկ դեր է խաղում Հայաստանի տնտեսությունում: Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրային հիմնական գործընկերն է հանդիսանում: Նրան է պատկանում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված ճյուղերի առանցքային դերը»:
Այս մասին այսօր Երևանում անցկացված «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, 1991թ.-ից մեր տնտեսությունում կատարված բոլոր ներդրումների ավելի քան 60 տոկոսը նաև ռուսական ծագում ունեն: Նա նշեց նաև, որ Ռուսաստանն այսօր էլ շարունակում է մնալ Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալի առաջատարը:
Վարչապետի խոսքերով, 2011թ.-ի հունվարի մեկի դրությամբ Հայաստանում գրանցվել է ռուսական կապիտալով ձեռնարկություններ և առանձին ստորաբաժանումներ։
«Այդ բոլոր ձեռնարկությունների տեսակարար կշիռն արտասահմանյան կապիտալով ձեռնարկությունների ընդհանուր ծավալում կազմել է գրեթե 30 տոկոս։ Ճգնաժամի հետ կապված որոշակի անկումից հետո կրկին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման միտում է նկատվում։ Մասնավորապես, 2010թ.-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է մոտ 20 տոկոս»,- ընդգծեց վարչապետը:
Ըստ Տ.Սարգսյանի, ներկայացված վիճակագրական տվյալները թույլ են տալիս ասել, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև այսօր լիովին համապատասխանում է ռազմավարական գործընկերության հարաբերություններին։
«Սակայն, դա չի նշանակում, ոչ մենք պետք է սահմանափակվենք ձեռքբերածով»,- նշեց վարչապետը։ Ինչ վերաբերում է համաժողովին, ապա վարչապետը նշեց, որ այն առաջին հերթին կնպաստի ավելի հավասարաչափ տարածաշրջանային զարգացմանը, ինչպես նաև` երկու երկրների չօգտագործված տնտեսական ներուժի բացահայտմանը։
«Ուրախալի է նշել նաև, որ համաժողովն ուղղված է մեր երկրների առանձին շրջանների միջև կապերի զարգացմանը։ Այսօր մենք ունենք ՌԴ 17 շրջանների հետ ստորագրած 50 համաձայնագիր, իսկ Հայաստանի 5 մարզեր Ռուսաստանի շրջանների հետ ունեն համագործակցության համաձայնագրեր»,- ասաց Տ. Սարգսյանը:
Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամին և Հայաստանի վրա ունեցած դրա հետևանքներին` Տ. Սարգսյանը նշեց, որ «ճգնաժամը ստիպեց կրկին վերանայել իրավիճակը»։
Ըստ նրա, հակաճգնաժամային ծրագիրը որոշակի արդյունքներ տվել է, սակայն տնտեսության լիարժեք վերականգման մասին դեռ վաղ է խոսել: Տ.Սարգսյանը իր երախտագիտությունը հայտնեց ռուսական կողմին, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու համար 500 մլն դոլար վարկ էր տրամադրել։
Վարչապետը նշեց նաև, որ ներկայումս կառավարության տնտեսական բարեփոխումների ռազմավարությունն ընթանում է 7 ուղղությամբ, մասնավորապես` գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, բիզնեսի կառավարմանն ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացում և այլն:
/Panorama.am/
|