Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Բյուլենթ Արընչը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում գործող վերլուծական կենտրոններից մեկի` «Գերմանական մարշալի հիմնադրամի» կազմակերպած ժողովում: Ներկաներին հայտնել է, որ, թեև թուրքական քաղաքականության առանցքն Արևմուտքն է` Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, բայց այդուհանդերձ Անկարայի արտաքին քաղաքականությունը միակենտրոն չէ, այլ` բազմակենտրոն: Նշելով, որ հունիսի 12-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են` Բյուլենթ Արընչը ամենահավանական հաղթանակը վերագրել է ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը: Ընդ որում այդ հավանականությունն անառարկելիորեն ընդունվում է թուրք հասարակության մեծամասնության կողմից:
Փոխվարչապետն ընդգծել է, որ «ԱԶԿ»-ի իշխանավարության տարիներին մեծ ակտիվություն է հաղորդվել Թուրքիայի դիվանագիտությանն ու առհասարակ արտաքին քաղաքականությանը:
«Անցյալում այսպիսի իրավիճակ էր. ոչ Թուրքիան էր արտաքին աշխարհով հետաքրքրված, ոչ էլ արտաքին աշխարհն էր հետաքրքրվում Թուրքիայով... Այն ժամանակներում շրջակա երկրների վերաբերյալ Թուրքիայում տարածված էր այսպիսի մի արտահայտություն. «Երեք կողմից ծովի ջրերով, չորս կողմից թշնամիներով ենք շրջապատված»: Սա, անշուշտ, շատ սխալ էր: Նախևառաջ պետք է մեր հարևանների հետ բարեկամական հարաբերությունների մեջ լինեինք»,-ըստ «Sondakika» լրատվական կայքի` ասել է Արընչը:
Վերջինս, հիշեցնելով Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական կուրսի մասին, նշել է, որ այժմ իրենք հիանալի հարաբերությունների մեջ են Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բալկանների, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ: Ըստ նրա` ներկայումս պաշտոնական Անկարայի դիվանագիտության միակ բացը եղել և մնում են Հայաստանի հետ հարաբերությունները:
«Բայցևայնպես, մեր երկու երկրների միջև մարդասիրական կապեր կան: Մեր ինքնաթիռները չվերթներ ունեն, կարողանում ենք օգնություն ուղարկել: Հայաստանից եկածները Թուրքիայում կարողանում են աշխատանք գտնել: Միայն թե անցյալից մնացած խոչընդոտն առ այսօր էլ առկա է»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:
/Panorama.am/
|