2008-ի մայիսին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` Թուրքիան եղել է այն հնգյակում, որը սպառազինություն, ռազմական օգնություն է տրամադրել Վրաստանին: Ըստ որոշ տեղեկությունների Վրաստանին տրամադրված զինսարքավորումները գերազանցել են 55 մլն դոլարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով թուրք-վրացական ռազմական համագործակցության և դրանց վտանգները Հայաստանի համար թեմայի շուրջ, ասաց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Իվանովը:
«Բնականաբար Թուրքիան Վրաստանի սիրուն աչքերի համար չէ այդքան գումար ծախսում: Դա ավելի շատ պայմանավորված է Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներով, քանի որ Թուրքիան ձգտում է ամեն կերպ ուժեղացնել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը` թուրքացնելով շատ բնագավառներ»,- ասաց Իվանովը:
Խոսելով ռազմական օգնության մասին` նա նշեց, որ Թուրքիան փորձում է ինչ-որ չափով իր ներկայությունն ապահովել և «թուրքամետ վրացական սպայակույտ ձևավորել»:
Այս ամենը, ինչպես ասաց փորձագետը, վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար. «Վրացի շատ սպաներ ռազմական կուրսեր են անցնում Թուրքիայում, որոշ չափով դառնում թուրքամետ, թուրքական մեթոդների կիրառման երկրպագու` ինչ-որ չափով ապահովելով նաև թուրքական լոբբինգը Վրաստանում, ինչը հետագայում կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար»: /Aysor.am/
|