Արցախի խնդրի լուծումը Հայաստանում գործազրկության պրոբլեմից հետո ամենահրատապ հարցն է: Նմանատիպ արդյունքներ է արձանագրել «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» (ՄՀԱ) անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում ամենաարդի երեք խնդիրներն են` Գործազրկության /61,2%/, Ղարաբաղյան /47,4%/ եւ Եղեռնի ճանաչման հիմնախնդիրները /40,6%/: Ինչպես «Times.am – Հայաստանի լուրեր» գործակալությանը հայտնեց «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը, նմանատիպ հետազոտություն իրենք իրականացրել են նաեւ 2010թ. հունվարի 26-ից փետրվարի 6-ը, եւ պատկերը բոլորովին այլ է եղել:
«Հետաքրքրիր է այն, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը նախորդ փուլում նշվել է հարցվողների 20,2%-ի կողմից, իսկ այս փուլում այդ թիվը ավելի քան 2 անգամ աճել է, դառնալով 47,4%», – տեղեկացրեց Ա. Նավասարդյանը: Հետազոտության հեղինակները ԼՂՀ հարցում բնակչության կարծիքի նման կտրուկ փոփոխությունը բացատրում են հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակով, իսկ Եղեռնի ճանաչման հիմնախնդրի վերաբերյալ անհանգստության աճը հասարակության անդամների կողմից, ըստ նրանց, կարելի է հիմնավորել Եղեռնի 95-ամյակի հետ կապված տեղեկատվական ակտիվ հոսքերով: Նշենք, որ հարցումներն անցկացվել են հանրապետության ողջ տարածքում, իսկ ընտրանքի ծավալը կազմել է 1067, սխալը` 3%:
Ըստ ՄՀԱ-ի նախագահի` հայ-թուրքական հարաբերությունների հարցերին անդրադառնալիս նախեւառաջ պարզվել է ՀՀ բնակչության վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ: Հարցվողների 6,7%-ը պատասխանել է, որ լիովին դրական է վերաբերում հարաբերությունների այս զարգացումներին, 14,0%-ը` ընդհանրապես բացասական: «Ավելի շուտ դրական» վերաբերմունք են արտահայտել հարցվողների 27,3%-ը, իսկ «ավելի շուտ բացասական»` 18,9%-ը: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումներին չեզոք` ոչ դրական, ոչ էլ բացասական են վերաբերվել հարցվողների 30,0%-ը: «Այս հարցի շուրջ ստացված արդյունքները այնքան էլ չեն տարբերվում նախորդ փուլի արդյունքներից, բացի այն բանից, որ այստեղ զգալի նվազել է դժվարանում եմ պատասխանել տարբերակի տոկոսը», – փաստեց Ա. Նավասարդյանը:
Այն հարցին, թե արդյոք, հայ-թուրքական սահմանը կբացվի առաջիկա 1 տարում, հարցվողների 40,4%-ը դժվարացել է պատասխանել, 9,7%-ը կարծիք է հայտնել, թե հայ-թուրքական սահմանը ավելի շուտ կբացվի առաջիկա 1 տարվա ընթացքում, իսկ 25,4%-ը գտել է, որ ավելի շուտ չի բացվի: Հաստատ չի բացվի, գրանցվել է հարցվողների 23,3%-ի կողմից, իսկ 1,2%-ը համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի: «Այս տվյալները բավականին տարբերվում են նախորդ փուլում ստացված արդյունքներից, որտեղ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը (ավելի շուտ կբացվի, համոզված եմ կբացվի) կազմում էր 20%, իսկ այս երկու պատասխանների գումարը այս փուլում կազմում է 10,9% : Իսկ հաստատ չի բացվի եւ ավելի շուտ չի բացվի տարբերակների ընտրությունը նախորդ փուլում գրանցվել է 33,3%-ի կողմից, այս փուլում աճել է` դառնալով 48,7%»: Այս փաստը եւս, ինչպես Ա. Նավասարդյանը նշեց, հիմնավորվում է հայ-թուրքական արձանագրությունների վարվերացման գործընթացի ժամանակավոր դադարի հետ:
«Մենք նաեւ փորձել ենք պարզել, թե իրենց կարծիքով ինչ նշանակություն կունենա հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար: Հարցվողների 34,1%-ը գտել է, որ ավելի շուտ դրական հետեւանք կունենա, իսկ 18,5%-ը` ավելի շուտ բացասական», – ասաց նա` հավելելով, որ Հայաստանի տնտեսության համար լիովին դրական հետեւանքի հնարավորություն են տեսնում հարցվողների 9,0%-ը, իսկ ընդհանրապես բացասական` հարցվողների 8,9%-ը: Չեզոք, ոչ դրական եւ ոչ էլ բացասական պատասխան է տրվել 22,6%-ի կողմից: «Եթե նախորդ փուլում հայ հասարակությանը հուզող հիմնախնդիրների եռյակում էր հայ-թուրքական հարաբերությունների հարցը, ապա այսօր այս հիմնախնդիրը դուրս է մնացել եռյակից», – եզրափակեց «Մարքեթինգի հայկական ասոցացիայի» նախագահը:
/Times.am – Հայաստանի լուրեր/
|