Հայաստանը պետք է էլ ավելի կոշտացնի իր դիրքորոշումը թե հայ-թուրքական հարաբերությունների և թե Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը, նշելով, որ ողջունում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմեկնելու որոշումը:
«Մենք ողջունում ենք ՆԱՏՕ-ի հետ կապված նախագահի որոշումը: Նման պարագաներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին ոչին չի կարող տալ», - նշեց նա: Ըստ քաղաքական գործչի, այսօրչվա դրությամբ Հայաստանը պետք է էլ ավելի խորացնի համագործակցությունը Ռուսաստանի հետ:
«Մենք հույսներս չպետք է դնենք ՆԱՏՕ-ի վրա», - հավելեց նա:
Հ.Բաբուխանյանը քննադատության ենթարկեց այն մոտեցումները, թե Լիսաբոն չմեկնելը Հայաստանի խոշոր դիվանագիտական պարտություն է: «Ես գտնում եմ, որ մեր նախագահի կոշտ դիրքորոշումը հաղթանակ է, ոչ թե` պարտություն: Ողջունելով այդ կոշտացումը, այդ խստացումը, գտնում եմ, որ էլ ավելի մեծ տեղ ունենք խստացնելու և կոշտացնելու մեր քաղաքականությունը»,-ասաց ՍԻՄ առաջնորդը:
Բաբուխանյանի խոսքերով` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակից երկրների ներկայացուցիչները պետք է հիշեին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միշտ հայտարարել է, թե Ղարաբաղյան կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Միսնկի խմբի ձևաչափով և առաջարկվող սկզբունքների հիման վրա, և թույլ չտային ազգերի ինքնորոշման սկզբունքի անտեսումը: Խոսելով միջազգային մեկ այլ խոշոր միջոցառման` Աստանայում սպասվելիք ԵԱՀԿ գագաթնաժողովի մասին, Հ.Բաբուխանյանը կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում այստեղ ևս որևէ առաջընթաց չի լինելու:
«Աստանայում առաջընթաց որպես այդպիսին չեմ սպասում: Մեզ համար առաջընթացը մեկն է` Արցախը ճանաչում են որպես Հայաստանի մաս կամ ճանաչում են Արցախի անկախությունը, բացում են բոլոր փակ ճանապարհները»,-եզրափակեց Հ.Բաբուխանյանը: /Aysor.am/
|