Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը Ղարաբաղյան կարգավորման օբյեկտիվ իրավիճակի փոփոխություն չի ենթադրում, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Մենք արդեն սովոր ենք, որ նման հանդիպումներից ոչինչ չի փոփոխվելու: Քաղաքագիտության այն տվյալները, ոչ միայն ինֆորմացիայի, այլ որոնք վերլուծություն են պահանջում, օբյեկտիվ իրավիճակի փոփոխություն չեն ենթադրում», - ասաց բանախոսը:
Փորձագետը կարևորեց ՀՀ նախագահի վերջին խիստ հայտարարություններն ու անցկացված զորավարժություններն, ընդգծելով, որ դրանք հոգեբանական առումով իրավիճակը հավասարակշռել են:
Ինչ վերաբերում է Մոսկվայում Սարգսյան-Մեդվեդեև, այնուհետ Բաքվում Ալիև-Մեդվեդև հանդիպումներին, ապա Շիրինյանը դրանք դիտում է ընդամենը որպես «հերթական անգամ տեսակետների ճշգրտում և կարծիքների փոխանակություն»:
Ըստ բանախոսի, Ղարաբաղյան հիմնախնդրում կարծրացող «դիրքային պատերազմի» պայմաններում խիստ կարևոր է, որ հայկական կողմը պատրաստ լինի իրավիճակի փոփոխության ցանկացած տարբերակի: «Պետք է այդ հավասարակշռությունը խախտելու համար բոլոր նախարյալները Հայաստանի և Արցախի համար շահավետ տեսակետով նախապատրաստել»,- հավելեց նա:
Քաղաքագետը բնական է համարում միջնորդների ակտիվությունը, մանավանդ որ տարաշաշրջանում շահագրգիռ շատ կողմեր կան: «Այսնուամենայնիվ, բացի հայկական կողմից, գուցե նաև Ադրբեջանից, ոչ ոք հարցի լուծում չի ուզում: Այս հանդիպումները հարցը չլուծելու համար են, որպեսզի տարածաշրջանը կառավարվի»,- ասաց Լ.Շիրինյանը:
Ըստ բանախոսի` այդ վիճակը կշարունակվի մինչև նավթի ռեսուրսի անկումը` ևս 10-15 տարի: «Եթե մենք այս վիճակը պահենք, կարծում եմ, որ հաղթած դուրս կգանք, բայց անընդհատ պետք է պատրաստվենք պատերազմի ու հակամարտության լուծմանը»,- ասաց քաղաքագետը: /Aysor.am/
|