ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նոյեմբերի 8-ին Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին, նշել է. «Զորակոչը ՀՀ զինված ուժերի համալրման կարևորագույն բաղադրիչն է: Վերջին տարիներին բավական մեծ աշխատանքներ են ծավալվել նրա որակական առաջընթացի ուղղությամբ»: Պաշտպանության նախարարը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում միասնական հաշվառման համակարգի ստեղծման համար` նշելով, որ կառավարության որոշմամբ նախազորակոչային տարիքը փոխվել է և արդեն 16-ի փոխարեն 14 տարեկանից է անցկացվելու բուժհետազոտություն և բուժում:
Զորակոչի պատշաճ կազմակերպման հարցում Սեյրան Օհանյանը կարևորել է նաև կադրային ճիշտ քաղաքականությունը` նշելով, որ որոշ զինկոմիսարներ արդեն ազատվել են աշխատանքից, ոմանք ծառայության են անցել այլ զինկոմիսարիատներում, բժշկական հանձնաժողովներում ընդգրկվել են հանրապետության անվանի բժիշկներ:
Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև կոռուպցիոն ռիսկերին` նշելով. «Զորակոչի ընթացքում գրեթե խնդիրներ չկան: Միակ խնդիրը, կարծում եմ, կոռուպցիոն ռիսկերն են: Բոլոր այն գործընթացներում, որտեղ կան խախտումներ, դրանց բացահայտման համար միայն պաշտպանության նախարարության ջանքերը լիարժեք չեն կարող լինել. զորակոչը բոլորիս խնդիրն է` ե'ւ հասարակության, ե'ւ ծնողի, ե'ւ նույն զորակոչիկի: Եվ այսօր ես ուզում եմ կոչ անել, որ բոլորը հաշվի առնեն այդ հանգամանքը, եւ եթե կլինեն թերություններ, բացթողումներ կամ չարաշահումներ, ապա առաջին հերթին դիմեն պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդին, մենք ունենք թեժ գիծ, կարող են ցանկացած ժամանակ ահազանգել, դիմել պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի ղեկավար կազմերին, անձամբ ինձ: Մենք, օրենքի սահմաններում, ցանկացած հարցի դրական լուծումներ կտանք»:
/Voskanapat.info/
|