«Դարեր շարունակ աշխարհի բոլոր ծայրերում յուրաքանչյուր հայ եղել է մեր ժողովրդի դեսպանը նաև այն ժամանակ, երբ մենք զուրկ էինք պետականությունից: Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ամենուր ամրապնդել հայի բարի համբավը` մեր ազնիվ ու ստեղծագործ աշխատանքով», - ելույթ ունենալով Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի առթիվ Մոսկվայում անցկացված տոնական միջոցառմանը` ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի ղեկավարը նշել է, որ ասվածի լավագույն ապացույցներից է Ռուսաստանի հայ համայնքը` իր հարուստ պատմությամբ և հզոր մարդկային ներուժով: Անուրանալի է մեր հայրենակիցների ներդրումը հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ:
«Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և հուսալի գործընկերը: Պատահական չէ նաև, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը: Սա օրինակելի միջպետական հարաբերությունների դրսևորում է, որի զարգացմանը նաև նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը», - ՀՀ նախագահի մամլո գրասենյակի թոխանցմամբ` նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ հայկական սփյուռքի ինքնակազմակերպումն օրինակելի է շատերի համար: Սակայն, ինչպես ասել է Ս.Սարգսյանը, դա, հանգստանալու կամ մեր ջանքերը թուլացնելու պատճառ չպետք է լինի:
«Ընդհակառակը, մենք պետք է ամրապնդենք Հայաստանի, Արցախի և սփյուռքահայության օջախների կապերը` նպաստելով մեր հավաքական կարողությունների զարգացմանը», - հայտարարել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարության առաջին քայլերից էր կառավարության կազմում սփյուռքի նախարարության ստեղծումը:
«Այն արդեն կարելի է համարել կայացած կառույց, որի միջոցով լավ հիմքեր են դրվել մեր համատեղ աշխատանքի համար: Այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը և աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է», - ասել է ՀՀ ղեկավարը:
Ամփոփելով խոսքը` Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության շարունակական աշխատանքը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը:
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ կազմակերպության 10-ամյակի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, արգասաբեր աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի և հանուն համայն հայության իղձերի իրականացման», - ասել է Ս.Սարգսյանը:
/Aysor.am/
|