«Ես համարում եմ, որ քաղաքական գործընթացները մեր երկրում ընթանում են նորմալ հունով կամ գոնե ամեն ինչը գնում է դրան»,- այսօր «Վալեքս գրուպ» ընկերությունում հրավիրած խորհրդակցությունից հետո այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ իր մոտեցումները չեն փոխվել:
«Կոալիցոն կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում։ Տնտեսության որոշակի ոլորտներում մենք նկատում ենք աշխուժություն, որոշ հանգամանքներում նկատում ենք ոգևորություն, և կարծում եմ, որ դրանց արդյունքները, ինչպես ցուցանիշների, այնպես էլ հասարակական ընկալման տեսանկյունից, մոտ ապագայում հստակ կերևան»,- ասաց երկրի ղեկավարը:
Նա ընդգծեց, որ բավական ակտիվ է ընթանում խորհրդարանական գործունեությունը, ընդդիմադիր Դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցություններն ակտիվացրել են իրենց գործունեությունը։
«Կարծում եմ, որ շատ կարևոր ավանդույթ է ձևավորվում խորհրդարանում այն առումով, որ քննարկումները թեև կոշտ են լինում հաճախ, նույնիսկ հնչում են մեղադրանքներ, այնուհանդերձ այդ քննարկումները ընթանում են կոռեկտության սահմաններում։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ կարծում եմ, որ և կոալիցիայի, և խորհրդարանական ընդդիմության կողմից որոշակի ջանքերի ներդրման պարագայում մենք կարող ենք գալ, հասնել քաղաքակիրթ նշաձողի։ Սա շատ կարևոր է»,- նշեց ՀՀ նախագահը: /Aysor.am/
|