ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժությունների ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով զինվորականներին, նշել է, որ զորավաժությունները «իրոք, շատ տպավորիչ» էին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
«Այսօր ինչին ականատես եղանք, իրոք, շատ տպավորիչ էր: Սա ամենացայտուն ապացույցն է այն բանի, որ մեր բանակն ամեն ամիս, ամեն տարի կատարելագործվում է, դառնում` ավելի մարտունակ, ավելի կազմակերպված, ավելի կառավարելի և ավելի կարգապահ: Այն` ինչ մենք ունենք, բավարար է, որպեսզի մեր հավանական հակառակորդին կործանարար հարված հասցնենք, բայց մենք չենք բավարարվելու դրանով, մշտապես ավելացնելու ենք մեր զինված ուժերի կարողությունները, հնարավորությունները, սպառազինությունը, որովհետև հարևան հանրապետությունում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում», - նշել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հարևան երկրի բոլոր ձախորդությունները, բոլոր խնդիրները, որ ծագում են, նրանք կապում են հայերի հետ:
«Հակահայկականությունը դարձել է պետական քաղաքականություն: Նրանք իրենց ժողովրդին, ցավոք, պատրաստում են պատերազմի, մենք ընդհակառակը` մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարևորությունը: Մենք հրապարակավ ասում ենք` այո´, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթե կորոշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրը», - հայտարարել է ՀՀ նախագահը:
Եվ որպեսզի այս խնդիրը լուծվի, ՀՀ նախագահը կոչ է արել զինվորներին և սպաներին մշտապես ավելի բարձր լինել, լինել ավելի մարտունակ:
/Aysor.am/
|