Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև ռազմական ոլորտում երկկողմանի համագործակցության հարցերին:
Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հայկական զինված ուժերի կայացման փորձը օգտակար վրացական կողմի համար, Բաչո Ախալայան նշեց, որ «վրացական կողմի համար շատ հետաքրքիր են պաշտպանության ոլորտում հայկական կողմի իրականացրած ռեֆորմները և երկկողմ համագործակցության շրջնակներում վրացական կողմը կօգտագործի այդ փորձը»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, բարեփոխումների շրջանակներում երկկողմ համագործակցության ամենակարևոր ուղղություններից մեկը փորձի փոխանակումն է:
«Կարևոր է փորձի փոխանակումը ոչ միայն առաջատար եվրոպական Չափանիշներին համապատասխանող առաջատար բանակների, այլև տարածաշրջանային կարողություններ ունեցող բանակների շրջանակներում: Այդ առումով Հայաստանի և Վրաստանի զինված ուժերը փորձի փոխանակման շատ բան ունեն»,-նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան անդրադառնալով Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի չընդունման վերաբերյալ հարցին՝ նշեց. «Մենք ցավակցում ենք ձեր ժողովրդին։ Վրաց ժողովրդին սրտամոտ է ձեր ցավը»։
Հիշեցնենք, որ քիչ անց Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
/Panorama.am/
|