Մարաղան վառ օրինակներից է, երբ պատերազմական իրավիճակների ժամանակ բանակն առաջ է գնում` նպատակ ունենալով ոչ թե ռազմական խնդիրներ լուծելու, այլ պարզապես ոչնչացնելու ճանապարհին ամեն ինչ, փորձելով նվաճել և յուրացնել` որևէ մարդկային կամ մշակութային հետք չթողնելով: Արցախի Մարաղա գյուղում 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանցիների կողմից իրականացրած ոճրագործության 19-րդ տարելիցի կապակցությամբ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ Մարաղա գյուղի ընտրությունը ևս պատահական չէր. «Հարձակում եղավ Արցախի ամենամեծ գյուղերից մեկի վրա, և նման անմարդկային վարմունքը հոգեբանական ազդեցության մի փորձ էր` տեղաշարժել մեծ բնակավայրը, որն իր հետևից կտաներ ու ճանապարհ կազատեր ադբեջանցիների համար»:
Քաղաքագետի խոսքով, անմարդկային դաժանությամբ գործողություններ իրականացնելով` փորձ է արվել նվազեցնել դիմադրությունն ու ահաբեկել հասարակության լայն զանգվածներին:
«Իսկապես, Մարաղան մեծ ցավ էր, որին նախորդում էին Բաքվի, Սումգայիթյան ջարդերը: Սակայն բոլոր այդ դեպքերից հետո պետք է դասեր քաղել ու գիտակցել, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդները չեն կարող ապրել խաղաղության մեջ, դրանք տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներ են, և անհամատեղելի են»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է իսկապես հասկանալ, թե ո՞վ է մեր հարևանն ու թե ինչպե՞ս կարելի է հակազդել նման վտանգներին:
«Եթե լիներ առաջընթաց 1992-ին, Մարաղային հետևելու էին հայկական բոլոր գյուղերը` մինչև Արցախից վերանար վերջին հայի հետքը»,- նկատեց քաղաքագետը` հավելելով. «Այսօր էլ Ադրբեջանի քաղաքականությունը լուծում է նույն խնդիրները, նույն ահաբեկչությունն է` հոգեբանական ու տեղեկատվական, հնարավորության դեպքում մարդկային կյանքներ կործանելով և այլն», - ասաց քաղաքագետը:
Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` կարևոր չէ, թե մի տեղ 100 հոգի է սպանվել, մի տեղ մեկ հոգի, դրանից չի փախվում Ադրբեջանի գերնպատակը` վերացնել հայությանը:
/Aysor.am/
|