Այսօր քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումներին` նշելով, որ դրանք աննախադեպ են:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ արաբական երկրներում տեղի ունեցող խմորումները միտում ունեն տարածվելու այլ երկրներ, և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այնտեղ խռովարարներն առաջնորդ չունեն:
«Եթե ունենային առաջնորդ, եթե ունենային գաղափարախոսություն, եթե ունենային քաղաքական նպատակներ` անունը կդնեինք հեղափոխություն: Այն ինչ կատարվում է այնտեղ, դա գաղափարախոսություն չէ»,- համոզված է Լ. Մելիք-Շահնազարյանը:
Արաբական երկրներում մարդիկ ասում են, որ իրենց առաջնորդը «ֆեյսբուքն» է, «ինտերնետը», որն, ըստ քաղաքագետի, նշանակում է` Ամերիկա: Նա հիշեցրեց 2006թ.-ը, երբ այն ժամանակվա ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարեց, որ պետք է ձգտել կառուցել նոր Մերձավոր Արևելք և այն, ինչ այժմ տեղի է ունենում Արաբական երկրներում, Հ.Մելիք-Շահնազարյանի համոզմամբ` հայտարարության հետևանքն է:
«Ամերիկան արդեն չի բավարարվում անձերի բարեկամությամբ, Ամերկան այսօր ուզում է ստեղծել այն վիճակը, որ իրենից կախված կլինեն ոչ թե պետությունների ղեկավարները, այլ պետությունը ինքը»,- շեշտեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
/Aysor.am/
|