Ապրիլի 25-ին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանն ու Զոյա Լազարյանն ընդունել են «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության գլխավոր քարտուղար Մաքսիմիլիանո Լակոտային և գլխավոր ադմինիստրատոր Էնրիկո Նեամիին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Ներկայացնելով իր գլխավորած կազմակերպությունը, Մաքսիմիլիանո Լակոտան նշել է, որ այն համագործակցում է Եվրահանձնաժողովի և Եվրամիության անդամ մի շարք երկրների կառավարությունների հետ: Լեռնային Ղարաբաղ իրենց այցը նա պայմանավորել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի ջանքերով և ավելացրել, որ նախապատրաստվում է «Նորավանք» կենտրոնի հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, ինչը թույլ կտա համագործակցություն սկսել նաև ՀՀ կառավարության հետ:
ԼՂՀ խորհրդարանականներն ընդգծել են, որ մարդու իրավունքների և ազատություների խնդիրը կապված չէ նրա կեցության տարածքի քաղաքական կարգավիճակի հետ: Այդ առումով նրանք կարևորել են «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության գլխավոր քարտուղարի ճանաչողական այցն Արցախ և հույս հայտնել, որ դրանով արդյունավետ համագործակցության սկիզբ կդրվի:
Մաքսիմիլիանո Լակոտան համակարծիք է եղել այդ գնահատականին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԼՂՀ ԱԺ և «Արտաքսված և վտարանդի անձանց եվրոպական միություն» կազմակերպության միջև կապերի ստեղծմանն ու հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
/Panorama.am/
|