Այսօրվանից մեկնարկում է Հայկական կայքերի մրցանակաբաշխությունը` ArmNet Awards 2010-ը, որի շրջանակներում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս: Մրցույթի կազմակերպիչներն են SPMS ընկերությունը, Circle.am կայքը և Orange-Armenia ընկերությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո:
Մրցույթի նպատակն է` ներկայացնել ինտերնետի հայկական սեգմենտի նվաճումները պետական և համաշխարհային մակարդակներում, նպաստել տեղական վեբ տեխնոլոգիաների մրցունակության բարձրացմանը միջազգային շուկաներում ու ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում:
SPMS ընկերության էլեկտրոնային մարքետինգի բաժնի ասիստենտ Անուշ Կաբալյանի խոսքերով` մինչ այսօր մասնակցելու հայտ է ներկայացրել 600 կայք` այդ թվում` լրատվական, իսկ հաղթողները, հիմնականում, ընտրվելու են հանրային քվերակությամբ:
Մրցույթն անցկացվում է 2 փուլով` նոյեմբերի 16-30-ը և դեկտեմբերի 1-4-ը: Մասնակցության պայմաններից է, որ կայքերը պատրաստված լինեն Հայաստանում գրանցված ընկերությունների կողմից` 2008-2010 թթ.-ին կամ վերջին 2 տարում նկատելի փոփոխություններ կրած լինեն (դիզայնի, բովանդակության, կիրառվող տեխնոլոգիայի): Պարտադիր պայման է նաև Հայաստանի, հայերի, հայկական սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները բավարար կերպով ներկայացնելը:
Ինտերնետ օգտագործողները քվեարկում են իրենց նախընտրած կայքերի համար armnetawards.am կայքի հատուկ կատալոգում` սեղմելով կայքի անվան կողքին գտնվող կոճակը: Այցելուները կարող են քվեարկել այնքան քանակով կայքերի օգտին, որքան ցանկանում են, սակայն նույն կայքի օգտին կարելի է քվեարկել միայն մեկ անգամ:
2-րդ փուլին կմասնակցեն առաջին փուլի արդյունքներով առավելագույն ձայներ հավաքած 75 կայքերը: Միջազգային ժյուրին երկրորդ փուլ անցած յուրաքանչյուր կայք գնահատում է 1-100 միավորների սանդղակով ու ըստ մրցույթի անվանակարգերի` ընտրում հաղթողներին` յուրաքանչյուր անվանակարգի համար մեկ կայք: Մրցույթն անցկացվում է 8 անվանակարգում` դիզայն և հարմարավետություն, նորարարություն, տեխնիկական կատարում, բովանդակություն, տարվա առաջընթաց, գլխավոր մրցանակ (տրվում է այն կայքին, որը բոլոր անվանակարգերով հավաքել է առավելագույն միավորներ), ժողովրդական ընտրություն ու Orang-ի հատուկ մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար:
Վեբ կայքերի ու էլեկտրոնային բովանդակությամբ CD-ների, ofline multimedia-ի մրցույթ 2 տարին մեկ անցկացնում է նաև «Էլեկտրոնային բովանդակությամբ ասոցիացիան» (e-content): Ասոցիացիայի հիմնադիր անդամ Աշոտ Մխիթարյանի խոսքերով` այս տարի դեկտեմբերին կանցկացվի «Համահայկական բովանդակության 4-րդ մրցույթը», մրցանակաբաշխությունն էլ կլինի նույն ամսի 30-ին:
«Մեր մրցույթը բաց է նաև օտարերկրացիների համար, ովքեր կառաջարկեն հայկական բովանդակություն ունեցող գործեր. նման դեպքեր նախորդ 3 մրցույթներում ունեցել ենք»,- ասաց նա:
Մցույթի հաղթողին հնարավորություն է տրվելու մասնակցել համաշխարհային մրցույթին: Օրինակ 2006 թ.-ին հաղթած «ԱյԹի» ընկերությունն Արամ Խաչարյանի 100-ամյակին նվիրված մուլտիմեդիա լազերային սկավառակով հաղթեց նաև Թունիսում կազմակերպված համաշխարհային մրցույթում, իսկ 2008-ին 8 տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվածներից ոչ մեկը Մեքսիկայում տեղի ունեցած համաշխարհային մրցույթում որևէ տեղ չզբաղեցրեց:
/Aysor.am/
|