«Երեկ ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունն օրենսդրության կոպիտ խախտում է, որը քաղաքական առումով մերժված ձև է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
«Հայաստանում ծեծը դարձել է վարչարարական պրակտիկա: Քանի դեռ մնում է այդ գաղափարախոսությանը, Հայաստանի ուժային կառույցներից առաջընթաց այդ առումով չեմ սպասում: Մենք այսօր չունենք նույնիսկ պատժելիության սկզբունքի իրականացում այն ոստիկանի դեմ, ով նման արարք է իրեն թույլ տալիս»,- ասաց Ալավերդյանը և հավելեց, որ գոնե այդ ոստիկանը «սիմվոլիկ պետք է պատժվի»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունն այս առնչությամբ հայտնել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողներն իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Երևանի Շ. Ազնավուրի անվան հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արեգ Գևորգյանին (ծնվ. 28.07.1987 թ.), Սարգիս Ղազարյանին (ծնվ. 05.04.1992 թ.), Սարգիս Գևորգյանին (ծնվ. 05.04.1992 թ.) և Վահագն Գևորգյանին (ծնվ. 19.07.1991 թ.), որոնք նշված վայրում չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ՝ պատռելով նրա համազգեստը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
/Aysor.am/
|