«Բանակը մեր հասարակության մի մասն է, այն ինչ կատարվում է հասարակության շրջանում, կատարվում է նաև բանակում: Պետք չէ ամեն ինչում բանակին մեղադրել, պետք է ուղղակի ճիշտ լուծում տալ»,- խոսելով նոյեմբերի 19-ին ԼՂՀ ԶՈւ շփման գծում տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում զոհվել է չորս ժամկետային զինծառայող` նման կարծիք հայտնեց ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Պատասխանելով լրագրողի հարցին, արդյո՞ք գիտե` ինչ պատճառով է տեղի ունեցել միջադեպը` Ա. Տեր-Թադևոսյանը նկատեց, որ դա բոլորին էլ հայտնի է, սակայն չի բարձրաձայնվում`գործի հետաքննության շահերից ելնելով:
Միջադեպը, ինչպես ասաց գեներալ-մայորը, կատարվել է ազգային հողի վրա և զինվորների միջև խոսակցության արդյունք է:
Ըստ Կոմանդոսի` նման միջադեպեր պատահում են նաև այլ բանակներում, նա սակայն, նկատեց, որ պետք է լուծում գտնել. «Հրամանատարները ցանկանում են թերությունները թաքցնել, իրենք իրենց վրա վստահ են և կարծում են, որ իրենք կարող են լուծել խնդիրները»,- ասաց գեներալ-մայորը` հավելելով, որ այդ տեսանկյունից կարևոր է նաև, թե ինչպես են նորակոչիկին նախապատրաստում ծառայության:
«Առաջին հերթին` բանակում պետք է աշխատեն հոգեբաններ, պետք է լինի ադապտացիոն շրջան` քաղաքացիական կյանքից, դեպի ծառայողական: Նորակոչիկների հետ պետք է երկարատև աշխատանք տարվի, պետք է լինի նաև շփում արտաքին աշխարհի` ծնողի, բարեկամի, ընկերների հետ»,- ասաց գեներալ-մայորը և հավելեց, որ պետք է մտածել, թե զինվորի ազատ ժամանակն ինչպես ճիշտ կազմակերպել:
Ա.Տեր-Թադևոսյանի համոզմաբ` բանակում պետք է լինեն գրադարանից սկսած, մինչև կինոդիտումներ, սպորտային դահլիճներ և այլն:
«Բանակից պետք է հետ գա թե’ ֆիզիկապես, թե’ հոգեպես պինդ տղամարդ»,- իր խոսքն ամփոփեց Արկադի Տեր-Թադևոսյանը: /Aysor.am/
|