Այսօր Կառավարության տանը տեղի ունեցավ «Ուսուցումը Հայաստանում-2011» կրթական Ցուցահանդես (Expo) բացման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Շատ կարևոր է, որպեսզի շահառու-ուսանող-բուհ եռակողմ շղթան տարեցտարի ավելի ամրապնդվի: Անիմաստ է այն կրթությունը, որը պահանջարկ չունի: Մենք մեր ողջ ներուժը ներդնում ենք, որպեսզի կրթական հաստատությունները հասկանան, որ կրթությունը բարիք է, բայց մյուս կողմից էլ ծառայություն է, որը կարելի է վաճառել»,- բացման խոսքում ասաց Ա. Աշոտյանը:
Նա ցավով նշեց, որ կրթության ոլորտում դեռևս անկայտ են մի շարք «կնճռոտ» հարցեր: Մասնավորապես, նախարարը շեշտեց կրթության որակի խնդիրը, պրակտիկայի սակավությունը:
«Հաճախ պրակտիկաներն աննպատակ են, որևէ կարողություն ուսանողին չեն փոխանցում: Բուհերը պարտավոր են մոտակա տարիներին պրակտիայի համար ավելի լայն հնարավորություններ ստեղծել: Խնդիր է նաև մագիստրատուրայի կրթության որակն ու բովանդակությունը: Ուսանողները բողոքում են, որ մագիստրատուրան բակալավրի ծրագրի թույլ կրկնությունն է»,- ներկայացրեց Արմեն Աշոտյանն ու հավելեց, որ մագիստրատուրայի կրթական որակի բարձրացումը ԿԳ նախարարության գերակա ուղղություններից մեկն է լինելու:
Բացման արարողությունից հետո ԿԳ նախարարը շրջեց ցուցահանդեսի մասնակից` ՀՀ-ում գործող շուրջ 30 կրթական հաստատությունների տաղավարներով:
Նշենք, որ ցուցահանդեսը կտևի երեք օր: Մարզերի կրթական հաստատություններից միայն Հրազդանը ներկայացնող բուհերից վաղը ներկա կգտնվեն, իսկ մյուս մարզերին հնարավոր չի եղել ապահովել տրանսպորտային միջոցներով:
/Aysor.am/
|