Նոյեմբերի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում լիբանանահայ արվեստագետների, քանդակագործների, գեղանկարիչների, դիզայներների և ցուցասրահների տնօրենների հետ: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարևորեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և ընդլայնման գործընթացը, նշեց, որ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող են հաղթահարվել միասնաբար և համատեղ ջանքերով` համերաշխության և նվիրվածության սկզբունքների հիման վրա: Դեսպանը ներկաներին տեղեկացրեց, որ Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ: Նա ընդգծեց, որ դա հնարավոր դարձավ նաև աշխարհասփյուռ` մասնավորապես Լիբանանի հայ համայնքի ներգրավվածության և աջակցության շնորհիվ:
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում կայացած «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» խորագրով կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի արդյունքների, ընդունված որոշումների և առաջարկությունների մասին զեկուցեցին Բեյրութի «Նոյան Տապան» ցուցասրահի տնօրեն Մովսես Հերգելյանը և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն դոկտոր - պրոֆեսոր Արարատ Աղասյանը: Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման, հայ արվեստագետների համախմբման և հետագա գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարարպետ, դոկտոր-պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը:
/Aysor.am/
|