Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգահան Կարեն Գրիգորյանը խոսեց հեղինակային իրավունքների ոտնահարման շուրջ և նշեց, որ մի շարք ադրբեջանական, վրացական կայքեր ներկայացնում են իր հեղինակային ձայնասկավառակը` առանց թույլտվության:
«Ադրբեջանական կայքերում ձայնասկավառակը ներակայացվում է որպես ադրբեջանական երաժշտություն, իսկ ես որպես ադրբեջանցի երգահան»,- շեշտեց Կ. Գրիգորյանը և հավելեց, որ ձայնասկավառակում ներառված են իր հեղինակային երգերը հայ ժամանակակից կատարողների ներկայացմամբ:
Ըստ նրա, ադրբեջանական կայքերում հայ կատարողների անունները փոփոխված են և սկավառակը վաճառքի է հանվել` բացառությամբ հայերեն երկու երգերի, որոնք հանված են:
Նշենք, որ ձայնասկավառակի երգերը անգլերեն են:
Հեղինակը դիմել է ադրբեջանական կայքերին` հեռացնելու զետեղված տեղեկատվությունը, ի պատասխան ստացել է կոպիտ պատասխան` «Բոլորին էլ անում ենք ու շարունակելու ենք անել: Ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը»:
«Ինձ համար վիրավորական է, որ ադրբեջանական կայքերի կողմից ինձ ներկայացնում են ադրբեջանցի, որովհետև ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ»,- ընդգծեց Կարեն Գրիգորյանը և հավելեց. «Ես ունեմ ազգություն, և ձայնասկավառակը ձայնագրվել է Հայաստանում, իսկ երաժշտության ուղղվածությունը հայկական ժամանակակից փոփ-երաժշտությունն է»:
/Aysor.am/
|