Հայաստանի կողմից Իրանին զինամթերքի ապօրինի վաճառքի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնից Երևանի նկատմամբ որևէ ճնշում կամ պատժամիջոցների կիրառման սպառնալիք երբևիցե չի եղել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` շեշտելով, որ ընդհանրապես առաջին անգամ է լսում Հայաստանի կողմից Իրանին ինչ-որ զենք վաճառելու մասին:
Հիշեցնենք, որ անցած կիրակի Wikileaks կայքը հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնց համաձայն, իբր, Պատդեպը նամակով դիմել է ՀՀ ղեկավարությանը` Իրանին զենք վաճառելու մեղադրանքով և պահանջել դադարեցնել դա` պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով:
«Այն, որ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառելու ինչ-որ սպառնալիք են հայտնել, ես երբեք չեմ լսել»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մշտապես աջակցել է ՀՀ իշխանություններին` ժողովրդավարության կայացման գործում:
Ինչ վերաբերում է Իրանին զենք վաճառելու հնարավորությանը` Ռ. Պետրոսյանը հիշեցրեց, որ Հայաստանը դեռ պատերազմական իրավիճակում է և երկրի համար կարևորագույն խնդիրներից է իր զինումը: «Հայաստանն ինքը զենքի կարիք ունի, և ինչու՞ մենք պետք է զենք վաճառենք Իրանին, կամ ի՞նչ զենք: Ինքն է զենք վաճառում այլ երկրների: Հայաստանն այսօր վաճառքի ենթակա զենք չունի, քանի որ գլխավոր նպատակներից է Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանումը»,- ասաց պատգամավորը:
/Aysor.am/
|