Թուրք անվանի լրագրող և վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը «Hurriyet»-ում հրապարակած իր հոդվածում նշում է, որ այս տարի էլ թուրքերին հաջողվեց անցկացնել ապրիլի 24-ն առանց թուրք-ամերիկյան ավանդական ճգնաժամի. Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» եզրաբառը: Չնայած հայկական և թուրքական կողմերից բողոքի ձայներ էին բարձրացան, բայց, ըստ Բիրանդի, Սպիտակ տան դերակատարած խաղը երկու կողմերին էլ հարմար էր:
«Հայերենի բառամթերքով (Մեծ Եղեռն) ցեղասպանություն ասած Օբաման այդ կերպ կարողացավ կանխել թուրք հանրության ընդվզումը և միևնույն ժամանակ չկորցնել հայերի քվեները: Նա անցած տարիների նման փորձեց ոսկե միջին տարբերակով բավարարել երկու կողմերին էլ»,- գրում է Բիրանդը:
Նա ուշադրություն է հրավիրում այն գալիք վտանգի վրա, որը սպասվում է թուրքերին 2015 թվականին` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Թուրք վերլուծաբանն անհրաժեշտ է համարում, որ բավականաչափ ուշադրություն հատկացվի այդ հանգամանքի վրա, քանի որ 2015-ից սկսած Անկարան կրակն է ընկնելու: «Եթե այժմվանից ռազմավարություն չմշակվի, անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա առաջիկայում մենք կարող ենք ցնցող տեսարանի առջև դեմ հանդիման մնալ»,- գրում է թուրք հոդվածագիրը:
/Panorama.am/
|