«Ադրբեջանը ռեալ պատրաստվում է ղարաբաղյան երկրորդ պատերազմին, իսկ միջնորդ կողմերը, հատկապես Ռուսաստանը, ձգտում են, որ դա չլինի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, հավելելով, որ չի կարող ասել, թե ինչպես միջնորդներին կհաջողվի զերծ պահել նոր պատերազմից:
Ըստ բանախոսի` եթե Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլում իրավիճակը չփոխվի, ղարաբաղյան երկրորդ պատերազմի վտանգը իրատեսական է դառնում, մանավանդ` պաշտոնական Բաքվի շարունակական ռազմատենչ հայտարարությունների պարագայում: «Սա զուտ հոխորտանքներ չեն, դրանց տակ շատ լավ հաշվարկված քաղաքականություն է: Եթե մի երկիր իր պետբյուջեի առյուծի բաժինը հատկացնում է բանակին, տանկեր և այլ տեխնիկա է գնում ` դա խաղաղ ապրելու համար չէ, այլ ռեալ վկայություն, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում», - նշեց պատգամավորը:
Նրա կարծիքով` միջազգային հանրությունն այսօր զոհին և ագրեսորին ռեալ չի գնահատում, ինչը Բաքվին հնարավորություն է տալիս ավելի ուժեղացնել հոխորտանքները:
«Ես չեմ տեսել, որ պատերազմի սանձազերծման Ալիևի այդ գաղափարախոսությունը միջազգային կառույցների կողմից քննադատվի որպես ագրեսիայի նախադեպ: Հայերի հետ միշտ էլ այդպես են արել: Ղարաբաղի հարցը, միլիոն անգամ եմ կրկնում, կախված է մեզանից»,- եզրափակեց Հ.Հարությունյանը:
/Aysor.am/
|