ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Փոխվարչապետը նախ շնորհավորեց և հաջողություններ մաղթեց դեսպանին` բարձր գնահատելով երկու երկրների միջև ջերմ բարեկամական հարաբերությունները: Ա. Գևորգյանը նշեց, որ ստեղծված է երկկողմ բավականին լայն գործակցություն ինչպես տնտեսական, կրթամշակութային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով: Վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների ու համայնքների միջև ձևավորվել են առանձնահատուկ գործնական և արդյունավետ փոխհարաբերություններ: Նման կապերի առավել սերտացմանն ու խորացմանն էր ուղղված նաև հոկտեմբերին Երևանում անցկացված ապակենտրոնացված համագործակացության հայ-ֆրանսիական համաժողովը, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը Եվրոպական ռեգիոնների ասամբլեային: «Սա նաև այն համագործակցությունն է, որն ավելի է ամրապնդում երկու երկրների միջև ինչպես քաղաքական երկխոսությունը, այնպես էլ տնտեսական փոխգործակցությունը»,- նշեց փոխվարչապետը:
Ա. Գևորգյանը նկատեց նաև, որ ֆրանսիական ընկերությունները բավական լուրջ ներկայացված են ու հաջողությամբ աշխատում են տնտեսական ոլորտում և մասնավորապես` ենթակառուցվածքների համակարգում:
Դեսպանը տեղեկացրեց, որ արդեն եղել է որոշ մարզերում և հանդիպել ֆրանսիական համայնքների հետ գործակցող համայնքների ղեկավարների հետ: Նա նշեց, որ շարունակելու է այցելությունները, և իր գործունեությամբ կաջակցի այդ կապերի խորացմանը` ավելացնելով, որ նման փոխգործակցությունը վկայում է երկու երկրների հարաբերությունների կենսունակության մասին: Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին` դիվանագետը կարևորեց գոյություն ունեցող համագործակցության առավել խորացումն ու դիվերսիկացումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
/Aysor.am/
|