Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:
Քննարկվել են Հայաստանում ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի համաձայն ոստիկանության համակարգում իրականացվում են ծավալուն բարեփոխումներ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարեփոխումներն առավել արդյունավետ կլինեն, եթե ներառեն ողջ իրավապահ համակարգը: Այդ առումով կարևորվել է միջազգային կառույցների աջակցությունը Հայաստանին, ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերն այդ գործում: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ 2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի նաև դատախազության համակարգում, Հայաստանում կստեղծվի արդարադատության ակադեմիա, որը կարևոր դեր կունենա այս ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացում:
Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության խորացումը նախատեսված բարեփոխումների իրականացման գործում: /Aysor.am/
|