Նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահին ուղեկցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ Միքայել Վարդանյանը, Գագիկ Մելիքյանը, Կարինե Աճեմյանը, Հակոբ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հաղորդում է է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Ինչպես տեղեկացվել է, Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվում է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին, կրկին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Մինչ այսօր մարզային փուլեր են անցկացվել Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Վայոց ձորում եւ Արագածոտնում:
Իջեւանում ՀՀ Ազգային ժողովի նախագահը ներկա գտնվեց մրցույթ- փառատոնի հերթական փուլին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին, ում բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնի շնորհիվ կրկին առիթ է ընձեռվում հմայվելու Տերյանի քնարերգությամբ:
ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն անդրադարձավ Տերյանի պոեզիային եւ բարձր գնահատեց ասմունքի մրցույթ- փառատոնի անցկացումը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի խոսքերով ( նա նաեւ փառատոնի ժյուրիի նախագահն է, իսկ ժյուրիի պատվավոր նախագահը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն է)` անցյալ տարի ԱԺ նախագահի բարձր հովանո ներքո դրվեց մեր ասմունքի դպրոցի վերականգնման սկիզբը: Հազարավոր աշակերտներ եւ հարյուրավոր մանկավարժներ իրենց աշխատանքով նպաստեցին, որ առաջին փառատոնը կայանա, եւ հաջողություններ արձանագրվեն: « Այդ ժամանակ նշվեց, որ այդ փառատոնը լինելու է շարունակական, ինչի ապացույցն է նաեւ այսօր Տավուշի մարզում անցկացվող մարզային փուլի այս միջոցառումը»,- ասաց Արտակ Դավթյանը:
Լրագրողների հետ զրույցում, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Դեռ նախորդ տարի մենք պայմանավորվեցինք, որ այս փառատոնները շարունակական են լինելու, եւ դրանց միջոցով պետք է նաեւ մարզերի բնակչությանը ներգրավենք մշակութային գոծընթացներում: Կարեւորն այն է, որ մենք աշակերտների մեջ վերականգնենք հայ գրականության, պոեզիայի նկատմամբ այն սերը, որ եղել է տարիներ առաջ: Համոզված եմ, որ, շարունակելով այս գործընթացը, մենք կհասնենք դրան»:
ԱԺ նախագահը Տավուշի մարզպետարանում հանդիպեց մարզի ղեկավարության հետ: Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ նշեց, որ եթե անցյալ տարի փառատոնին մասնակցել է 6 հազար երեխա, այս տարի ակնկալվում է 10 հազար մասնակից, ինչը վկայում է փառատոնի հաջողության մասին: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ փառատոնը կնպաստի հայ գրականության, հայոց լեզվի ու պոեզիայի նկատմամբ սիրո վերածննդին, հայ ասմունքի հարուստ ավանդույթները շարունակելուն: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ փառատոնը շարունակական կլինի, եւ ամեն ինչ կարվի, որ այն ավելի մասսայական դառնա:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ այլ հարցեր: ԱԺ նախագահն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ խորհրդարանական դիվանագիտության աշխուժացմանը: Նա նշեց, որ Ազգային ժողովը ձգտում է միջազգային կառույցներում ակտիվորեն ներկայացնել երկրի արտաքին քաղաքականությունը, որ վարում է հանրապետության Նախագահը: Մասնավորապես ԼՂ հակամարտության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Ազատամուտ գյուղ, որի հետ վաղեմի կապեր ունի եւ որտեղ ջերմությամբ են հիշում նրան: Գյուղի դպրոցում Հովիկ Աբրահամյանը մանկավարժների հետ զրուցեց նրանց հուզող հարցերի շուրջ, շրջեց դպրոցում, ծանոթացավ դասավանդման պայմաններին, առկա խնդիրներին եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց լուծմանը: Խորհրդարանի ղեկավարը դատարկաձեռն չէր եկել. ԱԺ նախագահի կողմից դպրոցը նվեր ստացավ համակարգիչ եւ գրքեր: Հովիկ Աբրահամյանը դպրոցի աշակերտներին հրավիրեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում այցելել Ազգային ժողով, ծանոթանալ խորհրդարանի աշխատանքներին եւ մասնակցել նիստին:
ԱԺ նախագահն Ազատամուտում հանդիպեց նաեւ բնակչության ներկայացուցիչների հետ: Ազատամուտցիները խորհրդարանի նախագահին ներկայացրին իրենց խնդիրներն ու հուզող հարցերը, որոնք տարաբնույթ էին: Մասնավորապես նրանք ԱԺ նախագահին խնդրեցին աջակցել իրենց բնակավայրի կարգավիճակը փոխելու հարցում, ինչը որոշակիորեն կնպաստի պայմանների բարելավմանը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ խնդրին հանգամանալից ծանոթանալուց հետո քննարկել դրա լուծման հնարավորությունները:
ԱԺ նախագահն այցելեց նաեւ «Մասիս Տաբակ» ընկերության ծխախոտի չորացման արտադրամաս, ծանոթացավ աշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ եզրափակվեց կրկին մշակութային ծրագրով. Ազգային ժողովի նախագահը եղավ Դիլիջանի երկրագիտական թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին:
/Times.am-Հայաստանի լուրեր/
|