Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով կայուն զարգանում են և բարձր գնահատեց առկա քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաև Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Հայ-գերմանական համագործակցությունը կարևորվեց նաև Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում:
Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են և կարևորեց երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով: ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց նաև հայ-գերմանական առևտրատնտեսական արդյունավետ համագործակցության կապակցությամբ` նշելով, որ Հայաստանում գործում է գերմանական կապիտալով շուրջ 80 ընկերություն և կարևորեց գերմանական գործարար շրջանակների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ինչի համար ստեղծված է բարենպաստ օրենսդրական դաշտ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գերմանիայի դեսպանը կարևորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Պարոն Շմիդթը նույնպես անհրաժեշտ համարեց տնտեսական գործակցության ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
/Aysor.am/
|